Thursday, March 6, 2014

Ավետյանի, Բուդաղյանի գործերը կաթիլ-կաթիլ բաժակն են լցնում

Շուրջ երկու տարի առաջ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպը խլեց զինվորական բժիշկ Վահե Ավետյանի կյանքը, ողբերգությունը մեծ արձագանք գտավ հանրության մեջ: Մեծաթիվ քաղաքացիներ փողոց դուրս եկան՝ բողոքելով զինվորական բժշկին և նրա ընկերներին անմարդկային ծեծի ենթարկելու համար, ստեղծվեց «Վահե Ավետյան» հասարակական շարժումը: 

Առաջիկայում կհրապարակվի մեկ տարուց ավել ձգվող Ավետյանի գործով  դատավճիռը, և դրա վերաբերյալ առկա հոռեստեսական կանխատեսումների ֆոնին շատերի մոտ հարց է առաջանում, թե արդյո՞ք ազդեցություն ունեցավ սկզբնական փուլում իրականացված բողոքը: 

«Բացարձակ հոռետեսներին ես կառաջարկեի այս ամենին այլ դիտանկյունից նայել: Նկատենք, որ  ոչ միայն Ռուբեն Հայրապետյանն ու նրա շրջապատը, այլ նաև ամբողջ օլիգարխիան իր «ախրաննիկային» կամ ուկրաինական բառով՝ «տիտուշկեքի» դասով ավելի զգուշավոր են դարձել իրենց վարքուբարքով, քան այն, ինչ կար մինչև Ավետյանի դեպքը»,- մեզ հետ զրույցում ասաց «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը: 

Վերջինս վստահություն հայտնեց, որ չնայած արվեց ամեն ինչ, որպեսզի ժողովրդի մեջ թուլացվի ցավի ու արժանապատավության,  վիրավորանքի զգացողությունը, այդուհանդերձ, դա չհաջողվեց: 

«Իհարկե, հոգեբանական նույն լարվածությունը երկար ժամանակ պահպանել հնարավոր չէ, անգամ, պատերազմի ժամանակ մարդը նույն լարվածությունը պահպանել չի կարող: Սակայն ես չէի ասի, թե կատարվածը դարձավ սովորական բան, այլ՝ ճիշտ հակառակը: Մենք կարող ենք նկատել, որ այդպիսի դեպքերի քանակը նվազել է»,- ասաց Չուքասզյանը, ով ակտիվորեն հետևում էր նաև գործի դատավարության ընթացքին և խոսելով այդ մասին՝ ասաց, որ դեռևս հետաքննության փուլում արդեն պարզ էր, թե ինչ պատվեր է իջեցվել վերևից, և ինչ ուղղություն է ստանում գործի ընթացքը: 

«Հիմնական խնդիրն էր ամեն կերպ անջատել թիկնապահներին Ռուբեն Հայրապետյանից: Երկրորդ պատվերն էր՝  ամեն ինչ անել այդ մարդկանց պատիժը հնարավորինս մեղմացնելու համար: Հետաքննության ժամանակ առկա բացահայտ խախտումները ուղղելուն միտված  միջնորդություններին որևէ անդրադարձ չեղավ, և այս ամենը խոսում էր այն մասին, որ բուն դատավարության գործընթացը պետք է դակիչ մարմնի ֆունկցիա ունենա:» 

«Հարսնաքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը «Նուվել դ՛Արմենի Մագազին» պարբերականին տված հարցազրույցում սպառնալիքներ և մեղադրանքներ  էր տեղացել Գարեգին Չուքասզյանի և «Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի մի քանի այլ անդամների հասցեին, որից հետո վերջիններս զրպարտության մեղադրանքով հայցեր էին ներկայացրել դատարան, սակայն դրանք մերժվեցին: Անդրադառնալով այս հայցերին՝ Գարեգին Չուքասզյանն ասաց, որ իրենք  դատական հայցերով հանդես եկան միայն այն պատճառով, որ ցույց տան դատական համակարգի ողջ սնանկությունը: 

«Ակնկալիքներ այդ համակարգից չկային, և ես շատ կզարմանայի, եթե մեր դատական համակարգը ակնհայտ զրպարտությունը որևիցե ձևով պատժեր:» 

Ավետյանի գործի ունեցած ազդեցության, ստեղծվելիք քաղաքացիական տրիբունալի և Մաքսային միության ակնկալվող հեռանկարների մասին էլ ծավալվեց մեր հետագա զրույցը Գարեգին Չուգասզյանի հետ: 

«Հարսնաքարի» դեպքից հետո օլիգարխիայի որոշակի զսպվածության՝ ձեր նշած միտմանը, կարծես, հակադրվում է  Բուդաղյանների միջադեպը, որը հաջորդեց Ավետյանի դեպքին:  

Լիսկայի կամ Վարդան Ղուկասյանի նմանները համակարգի առավել օդիոզ կերպարներն են, Բուդաղյաններինը բացառիկ դեպք էր, նախկինում մենք անընդհատ էինք լսում նման դեպքերի մասին: 

Հիմա ոչ թե վերացել է անպատժելիության մթնոլորտը, այլ, կարծես, իրեն մի պահ զսպել է, որ տեսնի, թե այս պրոցեսն ինչով է վերջանում: Այն երկուհազարանոց «ախրաննիկային» գվարդիան, որ առաջացել է Հայաստանում, ականջի պոչով հետևում է Ավետյանի գործընթացին, և դա որոշակի զսպվածություն է մտցրել: Կարող ենք ասել, որ շատ մարդիկ չեն ծեծվել կամ սպանվել հենց սրա պատճառով և չէի ցանկանա, որպեսզի թերագնահատվեր այն մարդկանց աշխատանքը ովքեր այսքան ժամանակ իրենց վերահսկողության տակ  են պահել Ավետյանի գործը: 

Ես վստահ եմ, որ Ավետյանի, Բուդաղյանի և այլ գործեր կաթիլ-կաթիլ բաժակն են լցնում, և մեր դերը բաժակը ստեղծելու մեջ է, որ բողոքը ոչ թե փոշիանա, այլ հավաքվի:  Ոչ ոք չի կարող ասել, թե որն է լինելու վերջին կաթիլը, դա կարող է շատ անսպասելի դեպքի հետ կապ ունենալ, ինչպես Թունիսում: Հիմա, մեր երկրի թե հարավում, թե հյուսիսում հրդեհներ են, և դրանք չեն կարող ազդեցություն չունենալ մեզ վրա:  Պետք է անենք ամեն ինչ մեզանում  արագ, կազմակերպված ըմբոստության իրականացման  համար՝ խուսափելով քաոտիկ վիճակից: 

Ավետյանի գործով ամբաստանյալների պահվածքը այնպիսին է, որ իրենք, կարծես, պատահականության զոհ են, նույնիսկ հասարակությանն են մեղադրում կատարվածը մեծ խնդիր դարձնելու մեջ: 

Իհարկե, կա անհատական մեղքի զգացողության խնդիրը, և զղջումը անձնական հարց է: Գործը, իհարկե,  ունի բարոյական կոնտեքստ, բայց մեր խնդիրը իրավականն է ու իրավաքաղաքական գնահատականը: 

Արդարադատական համակարգն ակնհայտորեն չի գործում Հայաստանում, և դա նման է նրան, որ քաղաքում մարդասպան մանյակներ կան: Հասարակությունը չի կարող հանգիստ ապրել, եթե նրանք չեն մեկուսացվում իրենից: Հիմա հասարակության ակտիվ մասը իր գործունեությամբ սկսում է ինքնակազմակերպել, սա ևս Ավետյանի գործի դրական ազդեցություններից մեկն է: 

Ավետյանի գործով վերջին նիստին տուժող կողմը քաղ. հայց ներկայացրեց բարոյական և նյութական վնասի փոխհատուցման համար, սա հակառակ կողմից որոշակի ծաղրական արձագանքներ առաջ բերեց: 

Այն ցավը, որ  պատճառվել է Ավետյանի ընտանիքին իրենց ուղեկցելու է մինչև կյանքի վերջ և սա որևէ նյութական միջոցով փոխհատուցել հնարավոր չէ: Սակայն Ավետյանի  զավակները ապրելու են նյութական աշխարհում և այդ աշխարհում պետք է փոխհատուցում լինի ու սրանք պետք չէ հակադրել իրար: Այն դիրքորոշումը, որ նյութական փոխհատուցումը բարոյազրկում է տուժած կողմին, խոսում է այդ դիրքորոշումը ծաղրողի բարոյազրկվածության մասին: 

Մենք ի սկզբանե գիտեինք այն սահմանը, որից այն կողմ չի անցնի դատարանը և հիմա մենք մոտենում ենք այդ կետին: Ինչպես և հայտարարել էր «Վահե Ավետյան քաղաքացիական շարժումը»՝ գործը դատարանով չի ավարտվելու, այլ ստեղծվելու է քաղաքացիական տրիբունալ, քանի որ եթե մենք գիտակցում ենք, որ կա բռնակալական համակարգ, ուրեմն դրանում չի կարող լինել արդարադատություն: 

Քաղաքացիական տրիբունալը չի՞ ունենալու միայն սիմվոլիկ նշանակություն: 

Ո՛չ, խոսքը անցումային արդարադատության մասին է: Երբ հասարակության մեջ կա արդարադատության դեֆիցիտ, ապա հնարավոր է երկու ելք. կամ վենդետտա, այսինքն ինքնադատաստան, կամ անցումային արդարադատության համակարգ, մինչև երկրում բռնակալությունը կվերացվի: 

Այս մարմինը արձակելու է իրավիճակի քաղաքական-իրավական գնահատականներ և կայացնելու է վճիռ:  Սակայն վճռի կատարաումը հետաձգվելու է մինչև իշխանափոխություն:  Հասարակական օստրակիզմը բոլոր դեպքերում աշխատում է: Այսինքն կեղծ արդարադատական համակարգում աշխատողները չեն կարող նույնքան հանգիստ լինել, որ չկա վերահսկողություն: Նրանք էլ լավ գիտեն, որ սա անկայուն վիճակ է, և երբ նրանց անունները մտցվեն սև ցուցակի մեջ, ապա նրանք իրենց գործը նույն հանգստությամբ չեն կարողանա անել, և ամբողջ համակարգը որոշակիորեն զսպված վիճակում է լինում: Ի վերջո՝ պատիժ պետք է լինի, սակայն դա ոչ թե ինքնադատաստանի արդյունքում է լինելու, այլ հանցագործության կոծկման՝ հասարակության կողմից  գիտակցվածության հետևանքով: 

Փաստորեն, մենք գնում ենք դեպի Մաքսային միություն, չկա՞ վտանգ, որ ՄՄ մտնելուց հետո մարդու իրավունքների հարցում հետընթաց կարող է լինել: 

Մենք ոչ թե գնում ենք, այլ մեզ փորձում են տանել դեպի ՄՄ, ժողովուրդն այդ որոշմանը կողմ հանդես չի եկել, դա հակասահմանադրական քայլ է: 

Կա գերի, որ գիտակցում է իր գերված վիճակը և կա ճորտ, որ չի գիտակցում: Մեր վերաբերմունքը մեր վիճակին միշտ մեզնից է կախված, կան բաներ, որ մեր ուժերի սամանից դուրս են, բայց կարելի է ունենալ ազատատենչ ոգի և չհամաձայնել այն ամենի հետ, ինչ քո հետ կատարվում է և պայքարել դրա դեմ:  

Մեզ մոտ Մաքսայինի դեմ մեծ բողոքներ չեղան: 

Եթե մենք մեծամասնության կարծիքը նայեինք 1987 թ.-ին, ապա այդ ժամանակ Հայաստանի բնակչության մեծ մասը, թերևս, չգիտեր՝ որտեղ է Արցախը և ոչ էլ եղել էր այնտեղ: Փոքրամասնությունը տեղեկացրեց և արթնացրեց մեծամասնությանը: 

Հենց 1980-ականների փորձն է ինձ լավատեսության մղում, ամբողջ ժողովուրդը չի մի անգամից որոշում կայացնում, սկզբում առավել գիտակից ու կրթված մասն է անում այդ գործողությունը: 

ՄՄ-ի այլընտրանքը արևմտյան կողմնորոշումն  է համարվում, սակայն Ուկրաինական փորձը ցույց տվեց, որ արևմտյան կողմից գործողությունները խիստ դանդաղ են ու անորոշ: 

Ուկրաինական փործը ցուց տվեց, որ բռնակալությունից ազատագրման խնդիրը պետք է լուծել քայլերի հետևյալ հաջորդականությամբ. 

1) վարչախմբի հեռացում, 

2) ժամանակավոր կառավարում, 

3) արտահերթ ընտրություններ: 

Իսկ ինչ վերաբերվում է արևմուտք-արևելք կողմնորոշմանը, ապա սառը պատերազմի շրջանից կա «ֆինլանդացում» եզրը, որը օգտագործվում էր ցույց տալու համար Ֆինլանդիայի հատուկ դիրքը երկու բլոկերի նկատմամբ, սառը պատերազմի ողջ ընթացքում Ֆինլանդիան բարիդրացիական հարաբերություններ ուներ երկու բլոկերի հետ, սակայն ոչ մեկի անդամն էլ չէր: Կարծում եմ «ֆինլանդացման» տարբերակը ճիշտ է ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Հայաստանի համար: