Friday, November 16, 2012

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը նաև անձամբ է «պատժում» բժիշկ Հովասափյանին


ԱԺ արդեն նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն այդպես էլ չի հանդարտվում: Ճակատագրի հեգնանքով, թե ուղղակի պատահականությամբ Հայրապետյանի հերթական զոհը ևս բժիշկ է:

Նոյեմբերի 7-ին «Փյունիկ»-ը պարտություն է կրում «Գանձասար»-ից: Պարտությունը հերթական անգամ կատաղության է հասցնում Հայրապետյանին. պաշտոնանկ են արվում ակումբի գլխավոր մարզիչը, բժիշկը, դարպասապահների մարզիչը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ բժիշկ Վարդան Հովասափյանը հեռացվում է՝ խաղի ընթացքում ծանր վնասվածք ստացած Ղուկաս Պողոսյանին պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու, այնուհետև մարզական կարգապահությունը խախտելու, ոչ սթափ վիճակում գտնվելու համար (ոգելից խմիչքի օգտագործում և խնջույքային տրամադրության առկայություն): Այս ամենը, իհարկե (խոսքը պաշտոնական բացատրության մասին է), համապատասխանում է ակումբի կարգապահական կանոններին, այսինքն՝ Հայրապետյանն ուներ բոլոր հիմքերը՝ իրենց պարտականությունները պատշաճ կարգով չկատարողներին հեռացնել աշխատանքից: Սակայն, պարզվում է, աշխատանքից հեռացնելուց ու կարգապահական տույժերից զատ, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը նաև անձամբ է «պատժում» բժիշկ Հովասափյանին, բնականաբար, իրեն բնորոշ ոճով:

Լուրեր.com-ի ունեցած տեղեկություններով՝ բժիշկ Վարդան Հովասափյանը դաժան ծեծի է ենթարկվել Ռուբեն Հայրապետյանի կողմից և ծանր վիճակում՝ դեմքը կարված, ծնոտը կոտրած, դուրս է եկել ֆեդերացիայից: Ընկերներից մեկի այն հարցին, թե ո՞վ է արել, Հովասափյանը պատասխանել է՝ «Ռուբեն Հայրապետյանը», որից հետո շտապ նստել է տաքսի ու հեռացել:

Այս պահի դրությամբ Հովասափյանի գտնվելու վայրն անհայտ է, հեռախոսահամարները՝ անհասանելի: Նույնիսկ ընտանիքի անդամները տեղեկություն չունեն վերջինիս գտնվելու վայրի կամ որպիսության մասին:

Այն, ինչ կատարվեց Վահե Ավետյանի ու նրա ընկերների հետ, բացառություն էր: Վահեն ո՛չ առաջինը, ո՛չ էլ վերջինն էր՝ չափ ու սահմանը կորցրած հայրենական արտադրության օլիգարխների զոհերի շարքում: Սակայն Վահեի մահը բացառություն էր այնքանով, որ հայտնի դարձավ ու ցնցեց հանրությանը՝ իր դաժանությամբ: Սակայն, ինչպես տեսնում ենք, այդ ամենից Հայրապետյանն այդպես էլ դասեր չքաղեց:

Կգտնվի՞ Վարդան Հովասափյանը, ի՞նչ վիճակում կգտնվի, կհամարձակվի՞ ձայն հանել ու պատմել իր հետ կատարվածը, այս պահի դրությամբ ասել չենք կարող: Հուսով ենք միայն, որ կատարվածը ոստիկանության կողմից կընդունվի՝ որպես հաղորդում հանցագործության մասին, որից հետո արդեն հայրենի իրավապահները կձեռնարկեն համապատասխան միջոցառումներ՝ Հովասափյանի գտնվելու վայրի ճշտման և հերթական ողբերգության կանխման ուղղությամբ:

Լուսինե Կեսոյան

Saturday, November 10, 2012

Փաստաբանները դատախազությանը մեղադրում են հովանավորչության մեջ

ահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանները պնդում են, որ դատախազությունը ոչ միայն որեւէ իրական քայլ չի ձեռնարկում «Հարսնաքար» ռեստորանում ծեծին մասնակցած այլ անձանց հայտանաբերելու ուղղությամբ, այլեւ` այստեղ գործ ունենք դատախազության ղեկավարության կողմից իրականացվող հովանավորչության հետ, որի նպատակը հանցագործությունը ամբողջ ծավալով չբացահայտելն է: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, հայտարարեց Վահե Ավետյանի իրավահաջորդի` նրա հայր Գառնիկ Ավետյանի փաստաբան Վահե Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ դեռ օգոստոսին Ոստիկանությունը հայտարարեց, թե ձեռք է բերել ապացույցներ այն մասին, որ «Հարսնաքար»-ի գործով 6 կալանավորվածներից բացի ռեստորանում ծեծկռտուքին մասնակցել են եւս մի խումբ մարդիկ, ինչի հետեւանքով ծանր վնասվածքներ ստացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանը միջադեպից 12 օր անց` հունիսին վերջին, մահացավ։

Բացի այդ «Հարսնաքարի» գործով որպես տուժող անցնող զինվորական բժիշկ Արտակ Բայադյանը բազմիցս (այդ թվում դատարանում) պնդել է, որ ծեծկռտուքին մասնակցել են 15-20 հոգի եւ ոչ թե միայն այն վեցը, որոնց մեղադրանք է ներկայացվել:

«Մեր կողմից հնչեցվել են ավելի քան 20 միջնորդություններ։ Դրանք բոլորը մերժվել են։ Մենք կարող ենք վկայակոչել ընդամենը երկու միջնորդություն, որոնց բավարարվելու դեպքում վստահաբար նոր մեղադրյալներ էլ կհայտնվեն, եւ առհասարակ կլրացվի եւ կփոփոխվի նաեւ այս ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը՝ ավելի ծանրացնելով այն», - մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Վահե Գրիգորյանը: - «Ինձ թվում է նախաքննության մարմինը շատ հստակ դիրքորոշում ունի։ Նրանք ցանկանում են սահմանափակվել ամբաստանյալի աթոռին գտնվող անձանց վերաբերյալ քննությամբ։ Որի պատճառներից մեկն էլ, կարծում եմ, որ անցանկալի տեղեկություններ՝ «պաշտպանված անձանց» մասին ձեռք բերելու ռիսկն է»։

Ինչպես հայտնի է, իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, գործարար Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում էր, որ այս հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծի հետեւանքով երեք զինվորական բժիշկներ հայտնվեցին հիվանդանոցում։ Նրանցից հատկապես ծանր վնասվածքներ ստացած Վահե Ավետյանը միջադեպից 12 օր անց մահացավ։

Գրիգորյանը նաեւ նշեց, թե իրենց համոզմամբ, ներկայումս դատարանում մեղադրյալի աթոռին նստած վեց հոգուն ավելի մեղմ պատիժ է առաջադրված, քան նրանք արժանի են: Նա հիշեցրեց, որ վեց ամբաստանյալներին մեղադրանք է ներկայացվել ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու համար, ինչի հետեւանքով անզգուշորեն մահ է առաջացել։

«Նույնիսկ մեր ձեռքի տակ եղած քրեական գործի նյութերից ակնհայտ է, որ տեղի է ունեցել սպանություն առանձնակի դաժանությամբ եւ մի խումբ անձանց կողմից», - հավելեց փաստաբանը։

Այսօր մենք զրուցեցինք նաեւ «Հարսնաքարի» գործով դատախազ Արթուր Դավթյանի հետ։ Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանների նշված հայտարարությունների կապակցությամբ նա մեկնաբանեց․ - «Դատախազության վարքագիծը շատ պարզ է․ գործից անջատված մաս ունենք, որով ներկայումս ակտիվ գործողությունները շարունակվում են հանցագործության այլ մասնակիցներին հայտնաբերելու համար»։

Հավելենք, որ «Հարսնաքարի» գործով այսօրվա դատական նսիտի ընթացքում 6 ամբաստանյալների փաստաբանները հարցեր էին ուղղում գործով տուժող Արտակ Բայադյանին, եւ այդ փաստաբաններից ոմանք նշեցին, թե վերջինիս` նախաքննության եւ դատաքննության ընթացքում տրված ցուցմունքների միջեւ որոշակի հակասություններ են տեսնում: Սակայն թե´ Բայադյանը, թե´ տուժող կողմի փաստաբանները եւ թե´ անգամ դատախազը չհամաձայնեցին այդ պնդումների հետ։
Նոյեմբերի 12-ի ԱԺ հերթական նիստի ինտրիգը պատրաստ է. խորհրդարանը պետք է քվեարկությամբ որոշի` քառօրյայի օրակարգ ընդգրկե՞լ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների ներկայացրած` «2012թ. հունիսի 17-ին Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ Պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքների, ինչպես նաև 2001թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությունից հետո առավել արմատավորված անպատժելիության և ամենաթողության համար պատասխանատու և մեղսակից, գործող և պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի և առողջության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջոցով ՀՀ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը:
Երեկ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այս հարցը քննարկվել է: Հանձնաժողովը պետք է որոշեր` դրակա՞ն եզրակացություն տալ նախագծին, թե՞ բացասական: ՀՀԿ-ական պատգամավորները հայտարարել են, որ նման հանձնաժողովի ստեղծումը կարող է խոչընդոտել «Հարսնաքարի» գործով ընթացող դատավարությանը, իսկ նախագծի հեղինակ Զարուհի Փոստանջյանը` որպես հակափաստարկ, հիշեցրել է, որ Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող խորհրդարանական հանձնաժողովն ու Փաստահավաք խումբը, ընդհակառակը` օգնեցին որոշակի փաստերի բացահայտմանը: Նախագծին դրական կամ բացասական եզրակացություն տալու հարցը դրվել է քվեարկության և ստացել է 4 կողմ և 4 դեմ ձայներ: Նման իրավիճակ չէր ստեղծվի, եթե այս հանձնաժողովում ԲՀԿ-ի միակ ներկայացուցիչ Տիգրան Ուրիխանյանը մինչև քվեարկությունը չլքեր հանձնաժողովի նիստը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ Ուրիխանյանը դուրս է եկել հանձնաժողովի նիստից, քանի որ պետք է մասնակցեր կուսակցության գրասենյակում հրավիրված խորհրդակցությանը: Թե ինչ պատճառաբանությամբ է Ուրիխանյանը լքել Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը, էական չէ. պարզ է մի բան, եթե նա միանար «Ժառանգությանը», ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին, ապա այս նախագիծը կստանար դրական եզրակացություն և կմտներ ԱԺ օրակարգ:
Բայց ԲՀԿ-ն ստիպված է հստակեցնել իր դիրքորոշումն այս նախագծի նկատմամբ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 12-ի նիստի սկզբում, երբ հաստատվելու է քառօրյայի օրակարգը, պետք է քվեարկության դնի այս նախագիծը օրակարգ մտցնելու հարցը: Հանձնաժողովի նիստում կայացած քվեարկությունից պարզ է, որ «Ժառանգությունը», ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն կողմ կքվեարկեն: Այստեղ հարցն այն է, թե ինչպես կքվեարկի ԲՀԿ-ն: Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ իրենք երկուշաբթի օրը կքննարկեն հարցը և որոշում կկայացնեն:
Հնարավոր է, որ այն ժամանակ, երբ ԱԺ Նիստերի դահլիճում կքվեարկվի այս նախագիծն օրակարգ մտցնել-չմտցնելու հարցը, ԲՀԿ-ականները զբաղված լինեն այս հարցը քննարկելով: Հնարավոր է, որ ԲՀԿ-ն իր դեմքը փրկելու համար խորհրդարանում կողմ քվեարկի նախագիծն օրակարգ մտցնելուն, իմանալով, որ ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիան խորհրդարանում մեծամասնություն ունի, և նույնիսկ իրենց կողմ քվեարկությունը ոչինչ չի փոխի, և նախագիծը չի մտնի օրակարգ:
Մինչդեռ, եթե Տիգրան Ուրիխանյանը հանձնաժողովի նիստում կողմ քվեարկեր դրան, ապա այն կստանար դրական եզրակացություն և կմտներ դրական եզրակացություն ստացած օրենքի նախագծերի ցուցակի մեջ: Դրական եզրակացություն ստացած օրենքի նախագծերը քվեարկվում են մեկ փաթեթով, և այդ դեպքում ՀՀԿ-ականները ևս ստիպված կլինեին կողմ քվեարկել այս նախագիծն օրակարգ մտցնելուն:
Ահա այսպես Տիգրան Ուրիխանյանը որոշեց փրկել ՀՀԿ-ականներին և իր մի քայլով ջուրը գցեց մի ողջ կուսակցության երկարատև և քրտնաջան աշխատանքն` ուղղված կուսակցության համար ընդդիմադիր իմիջի ձևավորմանը:
Պարզ է, որ ԲՀԿ-ն ոչ մի ընդդիմություն էլ չէ, որ ԲՀԿ-ականներն էլ չեն մտել խորհրդարան` Հանրապետականների հետ կենաց ու մահու ճակատամարտ մղելու համար: Նրանց ուզածն ընդամենը մի բան է. ՀՀԿ-ի հետ պայմանավորվել և կիսել իշխանությունը և իշխանության բարիքները: Բայց ոչ թե առաջվա նման, երբ ՀՀԿ-ն իրեն էր վերցնում գրեթե ամեն ինչ, իսկ ԲՀԿ-ին տալիս էր այդ իշխանության փշրանքները: ԲՀԿ-ն ՕԵԿ չէ, Գագիկ Ծառուկյանն էլ Արթուր Բաղդասարյան չէ: ԲՀԿ-ի պահանջը մեկն է. «Բաժանենք, միայն թե արդարաբար»: Իսկապես Հայաստանում արդարության պակաս կա, և ԲՀԿ պահանջները միանգամայն արդարացի են ու հանրության կողմից ընկալելի: Բայց երևի պետք է անկեղծ լինել և անկեղծորեն հայտարարել դրա մասին, և ոչ թե ընդդիմություն խաղալ: Որովհետև Հայաստանում ոչ միայն արդարության, այլ նաև անկեղծության պակաս կա: Եթե ԲՀԿ-ն հայտարարի, որ ուզում է արդարաբար կիսել իշխանությունը ՀՀԿ-ի հետ, իսկ ՀՀԿ-ն դեմ է արդարությանը, հնարավոր է, որ ԲՀԿ-ն հանրայնորեն ավելի ընկալելի լինի և ավելի մեծ հանրային աջակցություն ունենա: Հասարակությունը միշտ էլ աջակցել է արդարություն պահանջողներին և մերժել էգոիստ եսակենտրոններին:

Օլիգարխների տիրապետությունը խափանելով. Foreign Policy-ի ակնարկը Վահե Ավետյանի սպանությանը

Ամերիկյան Foreign Policy հանդեսը անդրադարձ է հրապարակել Վահե Ավետյանի գործի վերաբերյալ՝ «Օլիգարխների տիրապետությունը խափանելով» (հոդվածագիր՝ Լիանա Աղաջանյան) վերնագրով:

FP-ն սկսում է նախապատմությամբ՝ ներկայացնելով, թե ինչպես «հունիսի վերջին ամառային մի երեկո 3 ռազմական բժիշկներ վճռեցին մտնել Երևանի արվարձանում գտնվող ճոխ ռեստորան», որտեղ նա «ոչ պատշաճ dress code-ի համար վիճաբանության մեջ է մտնում ռեստորանի անվտանգության աշխատակիցների հետ», որի տերը Ռուբեն Հայրապետյանն է՝ «խոշոր գործարար և խորհրդարանի նախկին անդամ»:

«Հանրության վրդովմունքը աննախադեպ էր: Բիզնեսի տերերից հեռու չեն առնչությունները բռնությանը: Սակայն առաջին անգամ էր, որ Ավետյանի նման մեկը... ակամա զգաց նրանց ցասումը և դրա համար իր կյանքով վճարեց», - նշում է հոդվածագիրը՝ Ավետյանի մահն անվանելով «կատալիզատորի նշանակությամբ իրադարձություն», իսկ սկսված պայքարը «հակաօլիգարխիկ ակտիվիզմ»:

Անդրադառնալով ընթացիկ դատավարությանը, FP-ն նկատում է, որ դա «պատուհան բացեց փոքրիկ իշխող դասի ավելորդություններին, որը իրեն զգում էր օրենքը մեծապես շրջանցած»: Հեղինակն ընդգծում է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայերը, ի թիվս այլ խորհրդային ժողովուրդների, տեսան, թե «երկրի հարստությունների առյուծի բաժինն ինչպես է արտոնյալ էլիտայի վերահսկողության տակ անցնում»:

FP-ն նշում է, որ «առաջատար հայ օլիգարխները 40-ն են» և նրանք իրենց բիզնեսը «փոխակերպել են նաև արտոնյալ քաղաքական կարգավիճակի»: «Ճիշտ ինչպես Ռուսաստանում և Ուկրաինայում, խոշոր գործարարները իրենց կարողությունը պետական պաշտոնին են ի սպաս դրել՝ այն աստիճան, որ հաճախ դժվար է ասել՝ որտեղ է ավարտվում բիզնեսն ու սկսում քաղաքականությունը»:

Առանձին հատվածով նշվում է օլիգարխների դերը հայաստանյան ընտրություններում՝ մասնավորապես «լցոնումների կտրվածքով»: «Նեմեց Ռուբոյից» բացի նշվում է Սամվել Ալեքսանյանի («Լֆիկ Սամո») անունը, որին ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը 2003-ին «կիսաքրեական» օլիգարխ է անվանել:

«Ավետյանի գործի դեպքում կարծես թե ինչ-որ բան փոխվում է». գրում է հեղինակը՝ մանրամասնելով՝ Հայրապետյանը հասարակական ճնշման տակ ի վերջո հրաժարական է ներկայացրել, նրա 6 թիկապահներ ձերբակալվել են, 2 հետաձգումներից հետո անցած ամիս դատավարությունը պաշտոնապես մեկնարկել է:

Զուգահեռ անդրադարձներ են արվում նաև Հայաստանի ժամանակակից պատության մի շարք դրվագների՝ նշումով, որ «Հայաստանի՝ կայունության և ժողովրդավարության որոնումները բարդ են եղել» և ամեն տարի երկիրը լքում է 70 000 մարդ: