«Արտասահմանում՝ Ավետյանի մոտ առկա վնասվածնքերի պարագայում, պարզապես, անջատում են արհեստական կենսապահովման միջոցները և բուժումը համարում անիմաստ»,- Վահե Ավետյանի մոտ դեպքից անմիջապես հետո հայտնաբերված վնասվածքների մասին ասաց բժշկական գիտությունների թեկնածու, զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Արման Հակոբյանը, ով եղել էր Վահե Ավետյանին բուժող բժիշկը:
Ի պատասխան տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի հարցման՝ Հակոբյանը պատասխանել էր, որ Ավետյանի մոտ գլխուղեղի մահը հաստատող ախտանիշներ են եղել հոսպիտալ ընդունվելուց շուրջ կես ժամ անց:
«Ավետյանի մոտ առկա էին գլխուղեղի մահվան մասին վկայող կլինիկական և պարակլինիկական աշխտանիշներ, և՛ իմ պրակտիկայում, և՛ գրականության մեջ չի հանդիպում դեպք,, երբ արձանագրվեր վերոնշյալ ախտանիշների համադրություն, որը չավարտվեր մահվան ելքով», ասել էր բժիշկ Հակոբյանը:
Դատարանում որպես վկա հրավիրված նեյրովիրաբույժը պատմեց, որ երբ ինքը զինվորական հոսպիտալ է հասել Ավետյանի վիճակն արդեն ծայրահեղ ծանր էր. «Նախնական զննման համար ժամանակ չկար, նա արդեն կոմայի մեջ էր:»
Ավելի վաղ տուժող կողմի փաստաբան Վահե Գրիգորյանը դատարան էր ներկայացրել Վիեննայի համալսարանի պրոֆեսորների եզրակացությունը, ըստ որի Վահե Ավետյանի ուղեղը մահացել է վնասվածք ստանալու պահին:
Դատարանում վկայություն տվող բսժիշկը ներկայացրեց, որ Ավետյանի գլխուղեղի ֆունկցիան լիովին դադարեցված էր, բացակայել են բոլոր ռեֆլեքսները, առկա էր 1 սմ-ի չափով արյունազեղում և ուղեղի կիսագնդերից մեկի 4 սմ-անոց շեղում, վերջինս, ըստ նեյրովիրաբույժի, առաջացել է շատ արագ ու ուժգին հարվածից, որը, սակայն չէր կարող առաջանալ ընկնելու հետևանքով. «Ավետյանը ենթասահմանային կոմայի մեջ էր, դրան հաջորդում է մահը:»
Թե կոնկրետ ինչպես է եղել դեպքը, վկան մանրամասն տեղեկություններ չուներ, նշեց միայն, որ իրեն պատմել է Արտակ Բայադյանը, սակայն, թե կոնկրետ ինչ՝ լավ չի հիշում:
Հարցաքննության ընթացքում պաշտպանական կողմի ներկայացուցիչները հաճախ փորձում էին առարկել հարցերին՝ նշելով, որ բժիշկ Հակոբյանը հրավիրված է որպես վկա, այլ ոչ թե մասնագետ և նրան պետք է հարցնել միայն դեպքի հանգամանքերի վերաբերյալ ունեցած տեղեկությունների մասին:
Պատասխանելով պաշտպանների առարկությանը՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն ասաց, որ իր հարցերը թեկուզ և կարող են թվալ մասնագիտական, սակայն դրանք գործի շրջանակներից դուրս չեն:
Առարկեց նաև դատախազ Արմեն Դավթյանը՝ ասելով, որ միգուցե և հետաքրքիր է պարզել բժիշկ Հակոբյանից որոշակի մանրամասներ Ավետյանի վնասվածքների վերաբերյալ, սակայն հարցաքննությունը պետք է այնպես կազմակերպել որպեսզի հետագայում հնարավոր լինի օգատգործել որպես վկայի ցուցմունք:
Բժիշկն ասաց, որ դեպքից հետո, 12 օրվա ընթացքում մինչև Ավետյանի կենսաբանական մահը, իրենց գործողությունները միտված են եղել նրա սրտանոթային համակարգի պահպանմանը. «Նման վնասվածքների դեպքում ապաքինումը բացառվում է, հրազենային վնասվածքից կարող են ապաքինվել, սրանից՝ ոչ:»
Պաշտպանական կողմի ներկայացուցիչները փորձեցին պարզել բժշկից, արդյո՞ք, որն էր Ավետյանին երկու անգամ վիրահատելու իմաստը, եթե նա ըստ էության մահացած էր. «Հայաստանում պրակտիկան է այդպիսին, եթե վիրահատություն չանեի, կհայտնվեի ձեր կողքին (մեղադրյալի աթոռին)», պատասխանեց բժիշկ Հակոբյանը:
Նա ասաց, որ գլխուղեղի մահվան առկայության դեպքում քննարկվում է միայն մեկ հարց՝ անջատել կենսապահովման միջոցները, թե չէ, սակայն քանի որ Հայաստանում նման պրակտիկա չկա այդ հարցը ևս չի քննարկվել: Բժիշկն ընդունեց, որ բուժման անարդյունավետությունը պարզ էր ի սկզբանե, և ինքը գիտեր, որ բուժմանն ուղղված բոլոր գործողություններն անիմաստ են:
Մեղադրյալների պաշտպանները հետաքրքրվեցին նաև, թե արդյոք չէր կարող Ավետյանին շտապօգնության մեքենայով չտեղափոխելը, կամ սխալ տեղափոխելը հանգեցնել այդպիսի վնասվածքների. «Իմ պրակտիկայում քիչ դեպքեր եմ հիշում, որ նման արագությամբ հիվանդին տեղափոխեն հիվանդանոց, տեղափոխման ընթացքում ոչ մի փոփոխություն չէր կարող լինել, ես դա բացառում եմ»,- պատասխանեց վկա Հակոբյանը:
Բժիշկը պարզաբանեց նաև, որ գլխուղեղի մահը հաստատող բժշկական կոնսիլիում չի հրավիրվել, քանի որ դրանից հետո որևէ քայլ չկա և դա, ըստ էության, անիմաստ էր: «Նման դեպքերում հարազատներն են որոշում թողնել արհեստական կենսապահովման սարքերը, թե անջատել:»
Վկայի հարցաքննության ավարտից հետո պաշտպան Երեմ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ և ասաց, որ վկայի նշած հանգամանքերը միայն իր մասնագիտական կարծիքն են, և քանի որ բժշկական կոնսիլիումով չի հաստատվել ուղեղի մահը, ապա այդ հանագամանքը չի կարող դրվել մեղադրանքի հիմքում:
Սակայն վկայի ցուցմունքի կապակցությամբ այլ տեսակետ հայտնեց փաստաբան Տիգրան Եգորյանը. «Սա կարող է հիմք հանդիսանալ, որ ըստ մեր միջնորդության, նշանակվի լրացուցիչ հանձնաժողովային փորձաքննություն, այդ փորձաքննության եզրակացության արդյունքում կարող ենք խոսել մեղադրանքի ծավալը փոխելու հիմքերի մասին:»
Նշենք, որ գլխուղեղի մահվան հանգամանքը շատ կարևոր է ամբաստանյալներին ներկայացված մեղադրանքի առումով.
«Մենք առաջին օրվանից պնդում ենք, որ պետք է փոխվի մեղադրանքը և մինչ այժմ անդրդվելի ենք այդ հարցում: Ստացվում է, որ Վահե Ավետյանը մահացել է ոչ թե ծանր մարմնական վնասվածք ստանալու հետևանքով, այլ մահացել է մահացու հարված ստանալու պահին, և առկա է սպանության հոդվածով մեղադրանք առաջադրելու հնարավորություն,»- ասաց փաստան Եգորյանը:
No comments:
Post a Comment