Monday, June 17, 2013

բոլորս ենք պատասխանատու նման ողբերգությունների համար, որովհետև թույլ ենք տվել, որպեսզի տականքը նվաճի երկիրը մոլախոտի նման

Այսօր լրանում է ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան տարելիցը:
Նրան 2012թ-ի հունիսի 17-ին դաժանաբար ծեծի էր ենթարկել ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը:
Դեպքը տեղի էր ունեցել Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում, ուր Վահե Ավետյանը այցելել էր իր մի քանի ընկերների հետ:
Վահե Ավետյանը հայկական բանակի սպա էր, մայոր, ռազմական բժիշկ:
Բժիշկներ էին նաև նրա ընկերները, որոնք նույնպես դաժան ծեծի էին ենթարկվել, բայց, բարեբախտաբար, ողջ են մնացել:
Իսկ Վահեն ուղեղի ծանրագույն վնասվածքներ էր ստացել և հայտնվել կոմայի մեջ, որից նա այդպես էլ դուրս չեկավ:
Սա հերթական ողբերգությունն է, որ ապրեց մեր հասարակությունը քրեաօլիգարխիկ համակարգի հետևանքով:
Վահե Ավետյանը հերթականն է ծեծվածների, սպանվածների, ինքնասպանության հասցվածների, նվաստացվածների, խաբվածների, իրավազրկվածների մեջ: Իսկ այդ շարքին արդեն ոչ սկիզբ կա ու թվում է` ոչ էլ վերջ:
Վերջ չի լինի, քանի դեռ հասարակությունը չի որոշի, որ այդ ամենին պետք է վերջ դնել, քանի որ այլևս չկա որևէ հույս, որ ինչ-որ մեկի շնորհիվ հնարավոր է անել դա:
Երբ Վահե Ավետյանի հետ այդ ողբերգական դեպքը պատահեց, շատերը բարձրաձայնում էին, որ այստեղ բանակի, սպայի պատվի խնդիրն է, ու Պաշտպանության նախարարությունը պետք է հետամուտ լինի այդ ամենին, մեղավորների բացահայտմանը:
Իրականում, սակայն, սա հասարակության պատվի հարցն է, սա հասարակության գոյության հարցն է, և այստեղ հասարակությունն է, որ պետք է հետամուտ լինի մեղավորների պատասխանատվությանը:
Բայց խոսքը միայն իրավական պատասխանատվության մասին չէ, քանի որ կան նաև բարոյական պատասխանատուներ՝ նրանք, ովքեր այս համակարգն են ձևավորել, հաստատել, ամրացրել, ինստիտուցիոնալացրել, իսկ հիմա էլ վայելում են և ցինիկ կերպով հայտարարում, որ նման ողբերգությունների համար «բոլորս ենք պատասխանատու»:
Մյուս կողմից, այո, բոլորս ենք պատասխանատու նման ողբերգությունների համար, որովհետև թույլ ենք տվել, որպեսզի տականքը նվաճի երկիրը մոլախոտի նման, որպեսզի ստորությունն ու ցինիզմը ծածկի ամեն ինչ, մարսի ամեն ինչ:
Եվ այսօր հասարակության պատվի հարցն է դրված սեղանին:
Միևնույն ժամանակ, մենք բոլորս հասկանում ենք նաև, որ հասարակությունը շատ բազմաշերտ է և այստեղ ոչինչ միանշանակ չէ, առավել ևս, որ մենք գիտենք, թե ինչ բազմատեսակ միջոցներով է Հայաստանի հասարակությունը դեգրադացվել, ինչպես են հետևողականորեն տարբեր «էլիտաներ» ոչնչացրել հասարակության պատիվը, հասարակությանը թերարժեքության, պոտենցիալ զոհի բարդույթ ներշնչել, և այսօր մենք ունենք այն, ինչ ունենք:
Եվ այսօր մենք ունենք այդ ամենի հերթական զոհերը, մենք ունենք հերթական վիշտը, հերթական ողբերգությունը:
Pressing.am վերլուծական-լրատվական կայք էջը իր խորին ցավակցությունն է հայտնում` լուսավոր հայի, նվիրյալ սպայի, ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հարազատներին, մտերիմներին Վահեի մահվան տարելիցի հետ կապված...
Թող որ ԱՐԴԱՐ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ զգաս քո երկնքում ՀԱՅՈՐԴԻ...

No comments:

Post a Comment