Ինչպես արդեն տեղեկացրել էր ԳԱԼԱ-ն, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ տասնյակ քաղաքացիներ իրականացնում են բողոքի ակցիա: Չնայած ոստիկանների դիմադրությանը, «Վահե Ավետյան» հասարակական շարժման անդամներին հաջողվեց «Հարսնաքարի» դիմաց տեղադրել հուշաքար, որի վրա գրված է. «Այստեղ տեղադրվելու է «Հարսնաքար»-ում դաժանաբար սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հուշաքարը»: Այստեղ են գտնվում տասնյակ ակտիվիստներ, «Սարդարապատ» շարժում նախաձեռնող խմբի անդամները: Քիչ առաջ «Հարսնաքար» եկավ նաև Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է, որ կատարված դաժանաբար սպանությունից մեկ տարի անց իրական մեղավորները այդպես էլ պատիժ չստացան: Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանին մեդալով պարգևատրելու Սերժ Սարգսյանի որոշմանը, ապա ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի. «Երբեմն մեղավոր են ոչ թե պարգևատրվողները, այլ հենց պարգևատրողները: Նման իրավիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը ղեկավարվում է անօրեն իշխանությունների կողմից, նրանց կողմից, ովքեր գողացել են ժողովրդի իրավունքը»: Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն էլ ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է. «Սերժ Սարգսյանը տալիս է մեդալներ և ասում, թե՝ տեսեք ինչպես են կրակում դրանք: Սա ահազանգ է՝ ուղղված մեզ բոլորիս, և մենք այն ընդունում ենք»:
No comments:
Post a Comment