‹‹Վահե Ավետյան›› նախաձեռնող խմբի անդամները ցանկանում են ստեղծել Հանրային արդարադատության տրիբունալ: Այսօր այդ մասին նրանք հայտարարել են մամուլի ասուլիսի ժամանակ:
Նախաձեռնող խմբի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ մեկ տարի ձգվող Վահե Ավետյանի սպանության գործը վառ օրինակ է հանդիսանում և մատնացույց անում ազգակործան և պետականադրույժ քաղաքականության մասին:
‹‹Մեր երկրում ձևավորված անպատժելիության, ամենաթողության ու անհանդուրժողական գաղջ մթնոլորտի անանցանելիությունը ստիպում է մեզ, համագործակցելով բոլոր շահագրգիռ հասարակական կառույցների հետ, մեկնարկել Հանրային արդարադատության տրիբունալ ստեղծելու գործընթացը››,- ասված է հայտարարության մեջ:
‹‹Վահե Ավետյան›› նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը իր խոսքում հիշեցրել է, որ վաղը՝ հունիսի 29-ին, լրանում է մեկ տարին, երբ հայտնի օլիգարխ Ռուբեն Հայրապետյանին՝ Նեմեց Ռուբոյին պատկանող ‹‹Հարսնաքար›› ռեստորանային համալիրում նրա թիկնազորի կողմից դաժանաբար ծեծի արդյունքում իր մահկանացուն է կնքել ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանը: Չուգասզյանը նշել է, որ գործող վարչախմբի ներկայացուցիչներն անում են ամեն ինչ, որպեսզի լռեցնեն աղմուկը և ձգձգեն դատավարությունը, փորձեն կոծկել հանցագործությունը, սակայն իրենք դա թույլ չտալու համար տարբեր հայցեր են ներկայացրել Ռուբեն Հայրապետյանի դեմ:
‹‹Մենք դատական գործընթացի այս ութ ամիսների ընթացքում հերթական անգամ համոզվեցինք, որ դատական ֆունդամենտալ սկզբունքը բռնաբարվեց: Իսկ մի քանի ամիս առաջ էլ Սերժ Սարգսյանը շքանշանով պարգևատրեց Ռուբեն Հայրապետյանին: Փաստորեն, այսպիսի ծայրահեղ վարկաբեկված անձնավորությունը, դեռ դատական պրոցեսը չավարտած, խրախուսանքի է արժանանում, իսկ ամբողջ դատական համակարգն էլ լծված է Ռուբեն Հայրապետյանին մաքրելու գործընթացով››,- ասել է Չուգասզյանը և հավելել, որ այս ամենն ի նկատի ունենալով է, որ իրենք անհրաժեշտ են համարում Հանրային արդարադատության տրիբունալի ստեղծման գործընթացը, որպեսզի երկրում ստեղծված անպատժելիությունը չբերի նրան, որ ժողովրդին հանկարծ մնա մեկ ճար՝ ինքնադատաստան տեսնել:
Նախաձեռնող խմբի անդամ Լարիսա Ալավերդյանն էլ կարճատեսություն է համարում ՀՀԿ-ականների այն դիրքորոշումը, որ պետք է սպասել իրավական գնահատականին, նոր կարծիք հայտնել դեպքի մասին:
‹‹Ես չեմ սիրում զուգահեռներ անցկացնել, բայց այնպես, ինչպես կոծկում են Հարսնաքարի գործը, ինձ հիշեցնում է՝ ինչպես էին կոծկում Սումգայիթի ջարդերը››,- ասել է Լարիսա Ալավերդյանը: Նա նշել է, որ այս ողբերգությունից անմիջապես հետո վերացրել են փաստերը, և խնդրի լուծումը իրավական հարթության մեջ դարձել է անհնար, ուստի և պետք է այն դիտարկել քաղաքական հարթության մեջ:
Լիլիթ Թադևոսյան
No comments:
Post a Comment