Նախաքննական մարմինը Վահե Ավետյանի սպանության գործը ուղարկել է դատաքննության: Փաստաբաններն ու իրավագետ-փորձագետները արդեն հիմնավոր մերկացրել են քննված (իրականում' չքննված) գործը` այն իրավացիորեն գնահատելով հանցագործություն կատարած անձանց շրջանակը անթաքույց կրճատելու, հանցագործներից շատերին անատիժ թողնելու ցինիկ հորինվածք: Կասկած չկա, որ դատաքննության ընթացքում պետական մեղադրողը, ով իրականում պետք է կոչված լինի պաշտպանելու իրավական պետության, արդարադատության, հասարակության, ՀՀ քաղաքացի Վահե Ավետյանի ու նրա ընտանիքի, եւ վերջապես' ՀՀ զինված ուժերի սպայի շահերը, գործելու է իր համար կանխավ գծված շրջանակում. հանցագործությունը կատարել են այդ 5-ը, ապացուցված չէ, որ նրանք ծեծի ընթացքում Վահեին սպանելու շահադիտական նպատակ են ունեցել, մահը վրա է հասել ծեծի (Կուկուի գործի տերմինաբանությամբ կասեին' “անզգույշ քաշքշոցի”) արդյունքում, դժվար է պարզել, թե այդ 5-ից որ մեկի հարվածն է մահացու եղել Վահեի կյանքի համար, այդ 5-ը «Հարսնաքարի» անվտանգությւան ծառայության աշխատակիցներն են եղել, այլ ոչ թե Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի առանցքային դեմքեր, իսկ վերջինս էլ որեւէ առնչություն չունի ծեծի ու Վահեի սպանության հետ: Սա է գործի նախաքննության ու դատաքննության համար գծված գիծը…
Վահե Ավետյանի ընտանիքի շահերի պաշտպանների օրինական պահանջների հանդեպ իրավապահ մարմինների' արդեն իսկ դրսեւորած քամահրանքն ու կամայականությունը այս դրամայի նախերգանքն են, որից հայ հասարակությունը դեռ խորշելու շատ առիթներ կունենա հատկապես դատաքննության ընթացքում, երբ նշանակված դատավորը հերթականությամբ չհիմնավորված կհամարի ու կմերժի Ռուբեն Հայրապետյանին, ծեծին մասնակցած, բայց գործից դուրս թողնված մոտ 10 այլ անձանց, «Հարսնաքար» համալիրի' արտերկիր փախցված աշխատակցին դատակոչելու փաստաբանների միջնորդությունները: Ցավոք, այս հեռանկարն օրավուր տեսանելի է դառնում, որովհետեւ այդպես են կամենում վերեւները…
Իսկ մինչ այդ կամ հընթացս' Ավանում լայնամասշտաբ ստորագրահավաք է սկսվել, որով ավանցի ընտրողները իբրեւ թե “աղերսում” են ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին' չհրաժարվել մանդատից, անձեռնմխելիությունից ու հանրությանն անհայտ պատգամավորական “բուռն”, “հայրենանվեր” գործունեությունից: Ստորագրահավաքի կազմակերպման հարցում վերստին շրջանառվում է Ռուբեն Հայրապետյանի մտերմագույն ընկեր Սամվել Ալեքսանյանի անունը, ով մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից առաջ պատգամավոր
դառնալ “չցանկացող” Հայրապետյանին հորդորել ու համոզել էր առաջադրվել “պապենական” ընտրատարածքում:
Որքան էլ համոզման “սրտակեղեք” ու “հոգեցունց” գործընթացը արտաքուստ թողնվեց Սամվել Ալեքսանյանի փխրուն ուսերին, ՀՀԿ քաղխորհուրդը “գիշերային նիստով” այդ ընտրատարածքում իր նախկին թեկնածուին փոխարինեց Ռուբեն Հայրապետյանով' օրինականացնելով Ալեքսանյանի “համոզումն” ու Հայրապետյանին առաջադրելով թիվ 1-ում, երբ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարել էր այնտեղ խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանին առաջադրելու, իսկ ՀԱԿ անդամ Գայանե Առուստամյանն էլ' իր ինքնաառաջադրման մասին:
Ողջ քարոզարշավի ընթացքում “համոզված” ու “համոզած” Հայրապետյան- Ալեքսանյան զույգը սրտխառնոց առաջացնող քուչի թատրոնի դերասաններ դարձան: Առաջինը աջուձախ բանավեճի էր հրավիրում Լեւոն Տեր-Պետրոսյանից սկսած բոլորին' կարծես նախագահական ընտրապայքարի էր դուրս եկել, տղամարդուն անվայել վիրավորական արտահայտություններ էր թույլ տալիս կին մրցակցի' Գայանե Առուստամյանի հասցեին եւ ապա հեգնանքով մեղա գալիս: Մյուսը' Սամվել Ալեքսանյանը իրեն մրցակից էր ճանաչում իր դրածոյին, բայց ոչ իրեն բանավաճի հրավիրած ու հիմնական մրցակից Նիկոլ Փաշինյանին: Երկուսով ինքնահռչակել էին իրենց “կալիբրը” ու ազատություն տվել թե լեզվին, թե ձեռքերին' կանանց ու երեխաներին քսի տալով մրցակիցների վրա:
Ու ոչ մեկ չսաստեց նրանց' իրենց կարգի հրավիրելու ու հասարակության երեսին չթքելու պահանջով: Ավելին, այդ թատրոնին միացավ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը' 7-րդ ընտրատարածքում թփթփացնելով Սամվել Ալեքսանյանի, իսկ 1-ին ընտրատարածքում' Ռուբեն Հայրապետյանի ուսին: Ավանի ընտրողների հետ հանդիպման ընթացքում նա Ռուբեն Հայրապետյանի առաջադրումը բացատրեց ոչ թե Սամվել Ալեքսանյանի “աղիողորմ համոզումով”, այլ “բարի ավանդույթով”: “Բարի ավանդույթով” առաջադրված Ռուբեն Հայրապետյան ու Սամվել
Ալեքսանյանն էլ ՀՀԿ-ի հետ միասին ընտրություններն անցկացրին “լավագույն ավանդույթները շարունակվում են» կարգախոսին հավատարիմ: Ինչպես մյուս բոլոր ընտրատարածքներում, ցնդող թանաքի ու շրջիկ խմբերի օգնությամբ հազարավոր կեղծ քվեների հավելագրումներով երկու “անպարտելիները” “ջախջախիչ հաղթանակ” գրանցեցին իրենց մրցակիցների հանդեպ, այն դեպքում երբ 1-ին ընտրատարածքում արդարեւ հաղթողը 10.000-ին մոտ անկաշառ ձայներ ստացած «Ժառանգության» թեկնածու Ստեփան Սաֆարյանն էր, իսկ 7-րդ
ընտրատարածքում' գրեթե նույնքան քվե ստացած Նիկոլ Փաշինյանը:
Այդ “հաղթանակից” արբեցած' Ալեքսանյանն ու Հայրապետյանը տեսախցիկների առջեւ պոզաներ էին բռնում իբրեւ “հերոսներ”. Ալեքսանյանը ցինիկաբար լրագրողներից պահանջում էր իրեն հարցեր ուղղել ու սպառնում էր իբրեւ “պահանջված քաղաքական գործիչ” այսուհետ “վճարովի հարցազրույցներ” տալ: Հայրապետյանն էլ ԿԸՀ-ի առջեւ հոխորտում էր իրեն անցանկալի հարց ուղղած լրագրողների վրա (անցած տարի էլ մեկ այլ լրագրողի հայհոյեց, սակայն, չնայած առկա ձայնագրությանը, “անպարտելի” ճանաչվեց հայոց “դատարանում”), ինչպես նաեւ սպառնում էր Նիկոլ Փաշինյանին' իրեն բնորոշ ոճով հաշվեհարդար տեսնելու ակնարկիկներով: Կրկին իշխանության մեջ չկար մեկը, որ կարգի հրավիրեր նրանց այս անպատկառության ու սպառնալիքների համար:
Եվ «բարի ավանդույթով առաջադրված» ու «լավագույն ավանդույթներով հաղթած» Ռուբեն Հայրապետյանի, ու այս տհաճ թատրոնին պարբերաբար միացող ՀՀԿ նախագահի դեմքին միակ սառը ցնցուղ պահողը հասարակությունն էր, որի անսպասելի ցասումը Վահե Ավետյանի սպանությունից հետո սպառնաց փլուզել Հայրապետյանի ինքապաշտպանական բոլոր պարիսպները' ամրոց-տնից մինչեւ ԱԺ դարպասներ ու մանդատային անձեռնամխելիություն: Չլիներ հասարակական այդ ցունամիի սպառնալիքը, նախագահականը չէր գիտակցի իրավիճակի պայթունավտանգ բնույթն ու սգվորի տեսք չէր ընդունի: Չէր լինի նաեւ այն սրտաճմլիկ հայտարարությունը, որ նախագահականում Սերժ Սարգսյանը տվեց Ռուբեն Հայրապետյանի ձեռքը, թե նա “տանջվում է վշտից” ու “բարոյական պատասխանատվություն” է կրում կատարվածի համար, քանզի հանցագործություն կատարողները նրա ընտանիքի պատկանող համալիրի աշխատակիցներ են եղել; Ըստ այդմ' Հայրապետյանը գրավոր “ավետեց”, թե հրաժարվում է պատգամավորական մանդատից: Հասարակության մեջ անգամ միամիտներ գտնվեցին, ովքեր հավատացին, թե “բարոյական պատասխանատվությունից” խոսողները բարոյականության հետ աղերսներ ունեն…
Այն պահից սկսյալ, երբ Վահե Ավետյանի սպանության գործը ֆուտբոլի գնդակի նման նախաքննական մի մարմնից մյուսը փոխանցվելուց հետո վերջապես ստացավ թելադրված տեսքը, այն է' Վահե Ավետյանին ու նրա ընկերներին “ինքնաբուխ ծեծի” եթնարկածներն այդ 5-ն են, մեյդան իջան ՀՀԿ կառկառուններ' մանդատից հրաժարվելու շտապողականություն ցուցաբերելու հարցում հանդիմանելով Ռուբեն Հայրապետյանին, ձոներ ներբողելով նրան (Արտաշես Գեղամյան եւ այլոք): Հայրապետյանի մտերմագույն ընկերը' Սամվել Ալեքսանյանը կրկին օգնության եկավ ընկերոջը' ԱԺ մուտքի մոտ եւ տեսախցիկների առջեւ պատռելով Վարդգես Գասպարիի պաստառը եւ իր “ախռանի” ձեռքերով նրան գետին տապալելով (հետագայում ցուցանակը պատռելու “արարքը” ցինիզմով բացատրեց “իր վատ տեսնելով” ու Գասպարիի կողմից “իր հետաքրքրասիրությունը չբավարարելով,” իսկ նրան գետին տապալելու մեջ մեղադրեց “հարցազրույցից նյարդայնացած պատահական անցորդի” վրա):
Բուռնաշի՝ Աշոտ Աղաբաբյանի “դուխը” անգամ բավականացրեց անբռնազբոսիկ ու լկտի բառապաշարով վիրավորել Վահե Ավետյանի սպանության բացահայտման հարցում պահանջատեր ու պայքարող քաղաքացիներին: Շատերը մտածեցին, թե դա նրան բնորոշ “ինքնաբուխ” գործելաոճի հետեւանք էր: Բայց երբ հրապարակվեց հանրությանն անհայտ “մտավորականների”' մանդատից չհրաժարվելու Ռուբեն Հայրապետյանին ուղղված “աղերսագիրը”, պարզ դարձավ, որ ինչ-որ պրոցես է հասունացվում, որի հերթական դրսեւորումներից մեկը Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի» խանութների ցանցում, մյուսը' Ավան թաղամասում նույնաբովանդակ ստորագրահավաքների կազմակերպումն է խորհրդարանի աշնանային նստաշրջանին ընդառաջ, երբ պետք է ընթերցվի Հայրապետյանի ինքնահրաժարականը…
Սահմռկեցուցիչ է այն ասելիքը, որը թաքնված է այս անբարո թատրոնի վարագույրից այն կողմ: Ստացվում է, որ նախագահականն ու Ռուբեն Հայրապետյանը բարոյական են, խղճի խայթ ու բարոյական պատասխանատվություն են զգում կատարված սպանության համար, բայց, ա’յ. ստորագրավաքով Հայրապետյանին աղերսող մտավորականները, ավանցիները անբարոյական են ու որեւէ պատասխանատվություն չեն զգում Վահեի սպանության հարցում ու հասարակության պահանջատեր հատվածի առջեւ: Ու այս կերպ իշխանությունը շարունակում է նվաստացնել եւ ստորացնել հասարակությանը: Եւ, կրկին, իշխանության մեջ չկա մեկը, ով կասի՝ «կանգ առե’ք, դադարեցրե’ք այս անբարոյականությունը, վերջ տվեք ստորացնել մարդկանց, մի’ թելադրեք դատարաններին, մի’ կոծկեք Վահեի սպանությունը, մի՝ պաշտպանեք մարդասպաններին, կենաց-մահու կռվի մի’ վերածեք 1-ին ընտրատարածքում ԱԺ պատգամավորի նոր ընտրությունները»: Չկա այդ մեկը, ով կասի՝ «ՀՀ սպանված ու ապրող քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունը, ՀՀ նախագահի հեղինակությունն ու խոսքն ավելի թանկ են, քան որեւէ մանդատ, Ավանում կամ այլ թաղամասում զոն նայողին ու նրա հաստիքը ամեն գնով ու ատամներով պահելը»:
պահանջում ենք արդարություն.....բավ է խմեք անմեղ ժողովրդի արյունը....
ReplyDeleteլավ է ասել Մեսչյանը << Ժանտախտի օրոք քեֆ է ընդանում մի համատարած, լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն ամոթխած..>> դե շարունակությունն արդեն պարզ է..բոլորիս հայտնի երգ , այն կարելի է մեծատառերով գրել ՄԵՐ ՕՐԵՐԻ ԵՐԳԸ ..... գրեք ու դարձրեք ձեզ հիմն .......ես հավատում եմ ու հույսով սպասում, որ գալու է հատուցման օրը......