Այսօր Ավան և Նոր նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցավ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկված ռազմաբժիշկ Վահե Ավետյանի և նրա չորս ընկերների գործով դատավարությունը:
Հիշեցնենք, որ դատարանը ամբաստանյալների ցուցմունք տալուց հետո որոշում էր կայացրել ևս մեկ անգամ հարցաքննել տուժողներ Էդգար Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին, Էդգար Նիկոյանին: Երկրից բացակայելու պատճառով նախորդ դատական նիստերը բաց թողած Արկադի Աղաջանյանի հարցաքննությունը պետք է տեղի ունենար այսօր:
Սակայն Արկադի Աղաջանյանը հերթական անգամ չէր ներկայացել դատարան: Փաստաբան Տիգրան Եգորյանը դատարանին ներկայացրեց Արկադի Աղաջանյանի՝ էլփոստով ուղարկված գրությունը: Աղաջանյանը գրությամբ դիմում էր դատարանին՝ խնդրելով հիմք ընդունել մինչ այդ արած հայտարարությունները, քանի որ այս պահին նա գտնվում է Ռուսաստանում, և մինչև 2015-ը նրա վերադարձը Հայաստան և դատարան ներկայանալը անիրատեսական է:
Դատարանը կողմերին հարցրեց՝ հետազոտված ապացույցները սահմանափակելու մասով որևէ առարկություն ունե՞ն, թե՞ ոչ։
Առարկություններ չստանալով՝ դատավորը դատաքննությունն Արկադի Աղաջանյանի մասով սահամանափակեց:
Մեղադրող կողմը մի քանի օր պահանջեց ճառը պատրաստելու համար։ Դատարանը հաջորդ դատական նիստը նշանակեց նոյեմբերի 8-ին, ժամը 17:00-ին:
No comments:
Post a Comment