Monday, November 4, 2013

Վահե Ավետյանի սպանությունը կատարվել է դիտավորությամբ

«Առավոտ» օրաթերթի 2012 թ. օգոստոսի 16-ի համարում տպագրված ««Հարսնաքարի» գործով խուլիգանական դրդումն ակնհայտ է» հոդվածում մոսկվաբնակ իրավաբան Արամ Մխիթարյանը ծանրակշիռ փաստարկումներով հերքելով «Հարսնաքարի» դեպքով զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվանը հանգեցրած գործողությունները որպես Քր. Օր-ի 112 հոդվածի 2-րդ մասով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը») նախատեսված արարք որակելը, փորձում է դրանք ներկայացնել որպես ՀՀ Քր. Օր.-ի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք (սպանություն), որը կատարվել է անուղղակի դիտավորությամբ: 

Թեև հնարավոր չէ միանշանակ կարծիք հայտնել, սակայն խիստ ուշագրավ է, որ այս հրապարակումը հաջորդեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների կողմից դիտարկվող որակումը վիճարկող միջնորդությունը ներկայացնելուն: Միջնորդության մեջ հանգամանալից կերպով ապացուցվում է, որ Վահե Ավետյանի մահվանը հանգեցրած գործողությունները առնվազն պետք է որակել որպես դիտավորյալ սպանություն: Մինչդեռ Վահե Ավետյանի մահվանը հանգեցրած գործողությունները պետք է որակել ՀՀ Քր. Օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասով (ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանություն, որը պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ): Համեմատության համար հարկ է նշել, որ դիտարկվող հանցագործությունն ըստ Արամ Մխիթարյանի առաջարկության` Քր. Օր.-ի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որակելու պարագայում (առանց ծանրացուցիչ հանգամանքների կատարված դիտավորյալ (անուղղակի դիտավորությամբ դրսևորված) սպանություն) այն կատարող անձանց համար նախատեսվում է ազատազրկում` ութից տասնհինգ տարի ժամկետով: 

Տվյալ պարագայում նկատի ունենալով դիտավորության անուղղակի բնույթը և հաշվի առնելով համապատասխան դատական պրակտիկան կարելի է կանխատեսել, որ սպանությունը «բացահայտելու» պարագայում այն կատարած անձանց պատիժը չի գերազանցի տասը տարի ազատազրկման սահմանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիտարկվող հրապարակման հեղինակն իր փաստարկումները ներկայացրել է քրեական իրավունքի գիտության խորհրդառուսական դպրոցի և Ռուսաստանի դատական պրակտիկայի հիման վրա, ինչպես նաև նկատի ունենալով, որ ՀՀ իրավապահ մարմինները նույնպես, որպես կանոն, հիմք են ընդունում այդ դպրոցի տեսակետները, վերը նշված մոտեցման հիմնավորումը ևս կներկայացվի նույն տիրույթում:

1. Վահե Ավետյանի սպանությունը կատարվել է դիտավորությամբ

Ըստ խորհրդառուսական քրեական իրավունքի տեսության, բացի Քրեական օրենքում նշված ուղղակի և անուղղակի տեսակներից, կան նաև դիտավորության այլ տարատեսակներ:

Ըստ ձևավորման պայմանների՝ դիտավորությունը կարող է լինել կանխամտածված, հանկարծակի առաջացած և աֆեկտային (հոգեկան խիստ հուզմունքի հետևանքով առաջացած): Կանխամտածված դիտավորության պարագայում մեղավոր անձը հանգելով հանցագործություն կատարելու որոշման, նախապես (որոշակի տևողությամբ ժամանակահատվածում) մտածել է դրա բոլոր էական մոմենտները, մշակել է պլան, կանխատեսել է այլ դետալներ (օրինակ` կանխամտածված սպանության պարագայում): Հանկարծակի առաջացած դիտավորության պարագայում մեղավորը հանցագործություն կատարելու իր մտադրությունն իրագործում է անմիջապես կամ կարճ ժամանակ անց` առանց մանրամասները մտովի ճշգրտելու:

Ըստ հանցագործության սուբյեկտի կողմից իր գործողությունների հետևանքները կանխատեսելու աստիճանի` դիտավորությունը կարող է լինել որոշակի (կոնկրետացած) և անորոշ (չկոնկրետացած): Իր հերթին` որոշակի (կոնկրետացած) դիտավորությունը կարող է լինել հասարակ և ալտերնատիվ: Հասարակ որոշակի դիտավորության պարագայում մեղավորը մտադիր է հասցնել միայն մեկ` որոշակի հանցավոր հետևանք. սպանության պարագայում մեղավոր անձի դիտավորությունն ուղղված է տուժողին մահ պատճառելուն, ընդ որում այլ հանցավոր հետևանքները մտովի բացառվում են: Տվյալ դեպքում` մահվան վրա չհասնելու պարագայում, արարքը որակվում է որպես սպանության փորձ: Ալտերնատիվ որոշակի դիտավորության պարագայում մեղավոր անձը գիտակցում է իր գործողությոiնների հետևանքով իր կողմից կանխատեսելի մեկից ավելի և անհատապես որոշակի հետևանքների (օրինակ` կոշտ առարկայով գլխին հասցվող ուժգին հարվածը կարող է հանգեցնել մահվան կամ ծանր մարմնական վնասվածքի) առաջացումը և ցանկանում է դրանցից ցանկացածի վրա հասնելը: Ալտերնատիվ որոշակի դիտավորությամբ կատարված հանցագործությունը պետք է որակվի ըստ փաստական հետևանքի (եթե հանգեցրել է մահվան` որպես սպանություն, իսկ եթե ոչ` որպես ծանր մարմնական վնասվածքի պատճառում): Անորոշ (չկոնկրետացած) դիտավորության պարագայում մեղավոր անձը կանխատեսում է, որ իր գործողությունները կհանգեցնեն հանցավոր հետևանքների, սակայն դրանք չի պատկերացնում բավարար որոշակիությամբ: Անորոշ (չկոնկրետացած) դիտավորությամբ կատարված հանցագործությունը նույնպես պետք է որակվի ըստ փաստական հետևանքի:

Այժմ ներկայացնենք Վահե Ավետյանի սպանության հիմնական դրվագները ըստ գործի վերաբերյալ շրջանառվող տեղեկույթի (հիմնականում հիմք ընդունելով գործի վերաբերյալ տուժողի ծնողներից, ընկերներից, ինչպես նաև նրա իրավահաջորդի ներկայացուցիչներից ձեռք բերած տվյալները, քանի որ իրավապահ մարմնի ներկայացրած տվյալները ակնհայտորեն հավատ չեն ներշնչում և լիարժեք հիմքեր են տալիս նրան կողմնակալության և/կամ անձեռնահասության մեջ կասկածելու համար):

Մեղադրյալները և գործով «չպարզված» մի խումբ անձինք նախապես հանցավոր համաձայնության գալով պլանավորել և իրականացրել են հետևյալ գործողությունները:

Նրանցից մեկը Վահե Ավետյանին առանց բռնության ռեստորանից դուրս է հրավիրել` որպես պատրվակ նշելով ռեստորանում ծագած չնչին վիճաբանության հանգամանքները պարզելու նպատակը, խաբեությամբ հեռացրել ռեստորանի շենքից դեպի «աչքից հեռու» վայր, որտեղ նրան առնվազն ուժգին ծեծի ենթարկելու նպատակով կազմ ու պատրաստ սպասել են մի խումբ անձինք: Բնականաբար, Վահեն նման ելք չի կանխատեսել, քանի որ նրա համոզմամբ իրեն ընդամենը մի մարդ է դուրս հրավիրել` իրենց միջև տեղի ունեցած թեթև վիճաբանության հանգամանքները պարզելու նպատակով: Ինչպես Վահեին դուրս հրավիրող անձին, այնպես էլ մյուսներին հաստատապես հայտնի է եղել, որ երբ Վահեն հասնի նախատեսվող ծեծի վայր, իրենք բոլորը միասին պետք է առանց վիճաբանության հանգամանքները պարզելու փորձ անելու (ինչպես արդեն նշվեց, դա ընդամենը Վահեին ծեծի վայր հասցնելու պատրվակ է եղել) հարձակվեն նրա վրա և ուժգին հարվածներ հասցնելով՝ սաստիկ ծեծի ենթարկեն նրան: Այդ անձանց մեծ մասը հայտնի օլիգարխի այսպես կոչված «թիկնապահներ» են, իրար վաղուց են ճանաչում և տվյալ վայրում հավաքվել են հեռախոսներով միմյանց տեղեկացնելու միջոցով: Նրանք ֆիզիկապես մարզված են և հաստատապես իրազեկ են, որ իրենք տիրապետում են այնպիսի ուժգնության հարվածների, որոնք կարող են անգամ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ հասցնել մարդուն, տվյալ դեպքում` Վահեին: 

Այդ մարդիկ և Վահեն միմյանց նախկինում չեն ճանաչել: Բացի Վահեի հետ թեթև վիճաբանություն ունեցած և նրան նախատեսվող ծեծի վայր ուղեկցած անձից, մյուսները Վահեի հետ երբևէ որևէ առնչություն չեն ունեցել: Երբ Վահեն տեղ է հասել, նրանք խմբով մոտեցել են, գետին են տապալել նրան և սկսել են ուժգին հարվածներ հասցնել: Ընդ որում` գրեթե բոլոր հարվածները հասցվել են կենսական կարևոր օրգանի` գլխի շրջանում: Հարվածները շարունակվել են անգամ ինչ-որ պահից Վահեի ուշագնաց լինելուց հետո: Ծեծը դադարեցվել է միայն այն ժամանակ, երբ ծեծողների համար պարզ է դարձել, որ Վահեն ամենայն հավանականությամբ մահացել է: Կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստանալով` Վահեն առանց գիտակցության գալու մահացել է դեպքից 13 օր անց:

2. Վահե Ավետյանի սպանությունը կատարվել է ծանրացուցիչ հանգամանքներում

Վահե Ավետյանի սպանության ծանրացուցիչ հանգամանքներից են Քր. Օր-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 10-րդ կետերով նախատեսված հետևյալ հանգամանքները.

Սպանությունը առանձին դաժանությամբ կատարելը (5-րդ կետ)

Վահե Ավետյանի մահը վրա է հասել նրա կենսական կարևոր օրգանի` գլխի շրջանում բազմաթիվ հուժկու հարվածներ հասցնելու հետևանքով: Նրան ծեծի ենթարկողները կանգ չեն առել անգամ այն ժամանակ, երբ Վահեն ուշագնաց, այն է` անօգնական վիճակում է եղել և ի վիճակի չի եղել իր կյանքը փրկելու նպատակով դիմադրելու կամ խուսափելու հարվածներից: Ի դեպ, հաշվի առնելով ուժերի ծայրահեղ անհամաչափությունը, կարելի է միանշանակ կերպով պնդել, որ Վահեն ի սկզբանե եղել է անօգնական վիճակում, ինչը ՀՀ քրեական օրենսդրությամբ նախատեսված չէ որպես ծանրացուցիչ հանգամանք, սակայն, օրինակ ՌԴ քրեական օրենքով համարվում է այդպիսին: Առանձին դաժանություն է ինչպես սպանության եղանակի (տվյալ դեպքում` ծեծը որպես սպանության եղանակ) և դրա հետևանքների (տվյալ դեպքում` տուժողի համար սպանության առանձնակի տանջալի եղանակը), այնպես էլ մարդասպանների առանձին դաժանությունը` նրանց բացառիկ անմարդկայնությունը, անսրտությունը, անխղճությունը, կատաղիությունը, անգթությունը, անողորմությունը: Մարդասպաններին հաստատապես հայտնի է եղել, որ ուժգին հարվածների միջոցով կենսական կարևոր օրգան գլխի շրջանում բազմաթիվ վնասվածքներ հասցնելը խիստ տանջալի է Վահեի համար, սակայն նրանք առանձին դաժանությամբ շարունակել են այդպիսի հարվածներ հասցնել և կանգ են առել միայն այն ժամանակ, երբ հասկացել են, որ Վահեն ամենայն հավանականությամբ մահացել է: 

Այսինքն, նրանց համար Վահեի մահը միանգամայն կանխատեսելի, անհատապես որոշակի և ցանկալի հետևանքներից մեկն է եղել: Մարդասպանները գիտակցել են Վահեին կյանքից զրկելու համար իրենց կողմից ընտրված եղանակի` ծեծի, առանձին դաժանությունը և գիտակցել են իրենց արարքի առաձնակի դաժան հետևանքները, ինչպես նաև ցանկացել են, որ Վահեն հենց այդ եղանակով կյանքից զրկվի: Մարդասպանների առանձին դաժանության և, մասնավորապես` նրանց կողմից Վահեի մահը որպես ցանկալի հետևանքներից մեկը համարելու մասին է վկայում նաև այն փաստը, որ նրանք իրենց կարծիքով մեռած կամ մահվան շեմին գտնվող Վահեին և նրա ծեծված ընկերներին թողել են անօգնական վիճակում ու հեռացել:

Սպանությունը մի խումբ անձանց կողմից կատարելը (7-րդ կետ)

Վահեի սպանությունը կատարել են նախապես հանցավոր համաձայնության եկած մի խումբ անձինք*: Նրանք այդ նպատակով հեռախոսներով տեղեկացրել են միմյանց և հավաքվել նախատեսվող ծեծի վայրում` նախապես համաձայնեցնելով Վահեին ռեստորանի շենքից խաբեությամբ դուրս հանելու, նախատեսվող ծեծի վայր հասցնելու և ծեծի ենթարկելու մանրամասները: Այս հանգամանքը ծանրացուցիչ է համարվում առաջին հերթին այն հիմքով, որ որպես կանոն բացառում է տուժողի կողմից իր կյանքը պաշտպանելու հնարավորությունը և դյուրացնում է հանցագործությունը մինչև վերջ հասցնելը: 

Մարդասպանները գործել են համատեղ` որպես հանցակիցներ, տուժողի նկատմամբ համաձայնեցված կերպով, որոշակի դերաբաժանությամբ: Ընդ որում` նրանցից յուրաքանչյուրը գիտակցել է հանցագործության կատարման մեջ մյուսներին աջակցելու փաստը:

Սպանությունը խուլիգանական դրդումներով կատարելը (10-րդ կետ)

Մարդասպանները, բացի Վահեի հետ թեթև վիճաբանություն ունեցածից, նախկինում նրա հետ չեն առնչվել, ուստի Վահեին մահվան աստիճան ծեծելու որևէ անձնական շարժառիթ չեն ունեցել: Իրենց ընկերոջ հետ ունեցած թեթև վիճաբանությունն է եղել այն առիթը, որը խուլիգանական նկրտումներ ունեցող մարդասպաններին դրդել է ծեծելու եղանակով դաժանաբար սպանել Վահեին: Մարդասպանները ակնհայտորեն գործել են խուլիգանաբար` հանրության և համընդհանուր բարոյական նորմերի հանդեպ դրսևորելով ակնհայտ անհարգալից վերաբերմունք, բացահայտ մարտահրավեր նետելով հասարակական կարգին և ցանկացել են հակադրվել դիմացիններին` նրանց նկատմամբ ցուցանելով իրենց գերակայությունն ու բացահայտ արհամարհանքը:

Այսպիսով, վերը նշվածից պարզ է դառնում, որ Վահե Ավետյանին մահվան հասցրած գործողությունները պետք է որակել որպես կանխամտածված, ալտերնատիվ հասարակ դիտավորությամբ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանություն, որը նախատեսված է ՀՀ Քր. Օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասով (ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանություն, որը պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ):

Վարուժան Ավետիսյան, 
ՀՀ Զինված ուժերի սպա, փոխգնդապետ,  
փաստաբան (լիցենզիա 1339)

Օգտագործված գրականություն

1. Постановления Пленума Верховного Суда РФ от 22 декабря 1992 г.

2. Практика Верховного Суда Российской Федерации по уголовным делам за 1992 - 1994 гг. М., 1995.

3. Постановление Пленума Верховного Суда РФ «О судебной практике по делам об умышленных убийствах» от 22.12.1992 г. Бюллетень ВС РФ. 1993 г №2.

4. Постановление Пленума Верховного Суда Российской Федерации № 1 от 27 января 1999 г. О судебной практике по делам об убийстве (ст.105 УК РФ) http://www.vsrf.ru/vscourt_detale.php?id=984

5. Бюллетень Верховного Суда РФ 1997 г. № 11.

6. Комментарий к уголовному кодексу российской Федерации. Под общей редакцией Генерального прокурора Российской Федерации, профессора Ю.И. Скуратова и Председателя Верховного Суда Российской Федерации В.М. Лебедева. Издание 2-е, измененное и дополненное. http://www.vuzlib.net/beta3/html/1/13884/. Комментарий к статье 105. http://www.vuzlib.net/beta3/html/1/13884/14015/

7. Рарог А. И. «Вина в советском уголовном праве». Саратов 1987 г.

8. Курс советского уголовного права Ленинград. 1973 г.

9. Уголовное право России. http://bibliotekar.ru/ugolovnoe-pravo-3/7.htm


11. Уголовное право России, учебник для вузов в двух томах, том 2, особенная часть, стр 12, издательство НОРМА, Москва, 2000 г.

12. Энциклопедический словарь “Слово о человеке”. http://www.slovochel.ru/um-neopredelennii.htm

13. Энциклопедия юриста. http://eyu.sci-lib.com/article0002277.html

14. Уголовный закон в практике мирового судьи: Научно-практическое пособие, под ред. А. В. Галахова, Глава 1. Преступления против жизни и здоровья http://lib.rus.ec/b/196712/read

*Ըստ ռուսաստանյան աղբյուրների` նախապես հանցավոր համաձայնության եկած մի խումբ անձանց կողմից սպանության կատարումը հնարավոր է միայն ուղղակի դիտավորությամբ (տես, օրինակ, Постановление Пленума Верховного Суда Российской Федерации № 1 от 27 января 1999 г. О судебной практике по делам об убийстве (ст.105 УК РФ). http://www.vsrf.ru/vscourt_detale.php?id=984): 

Մինչդեռ ավելի խորը և հանգամանալից վերլուծությունը ցույց է տալիս, որ դրա կատարումը հնարավոր է նաև ալտերնատիվ հասարակ դիտավորությամբ, երբ մի խումբ անձինք նախապես հանցավոր համաձայնության են գալիս այնպիսի գործողություններ կատարելու շուրջ, որոնց հնարավոր հետևանքներից մեկը ակնհայտորեն կարող է լինել տուժողի մահը:

No comments:

Post a Comment