Monday, November 4, 2013

Ունենք «Ավետյան ցուցակ» և հանցագործ օլիգարխների ցանկը կընդլայնվի

Ունենք «Ավետյան ցուցակ» և հանցագործ օլիգարխների ցանկը կընդլայնվի

AraratNews-ի զրուցակիցն է հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը․

-Սերժ Սարգսյանի Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունից  հետո շատերի մոտ մտավախություն առաջացավ, որ վտանգվում է ՀՀ ինքնիշխանությունը։ Հիմնավո՞ր է արդյոք այդ անհանգստությունը։

-Հայաստանի  ինքնիշխանությունն այնքան է թուլացել, որ  արդեն հատել է վտանգավորի սահմանագիծը: Ինքնիշխանության կորուստը երբեք միանգամից չի լինում, այն մաս-մաս զիջվում կամ տանուլ է տրվում՝ ժողովրդից խլված ու կոռումպացված իշխանության, վատ դիվանագիտության, ազգային հարստության օտարման միջոցով, ու մի օր էլ տեսնում ես, որ նման քաղաքականությունը, կամ քաղաքականության իսպառ  բացակայությունը բերեց ինքնիշխանության կորստի: Ես ամենևին չեմ ուզում այսօր քննարկել Ասոցացման համաձայնագրի ու Մաքսային միության պայմանագրի նրբերանգները, առավելություններն ու թերությունները, այլ միայն այն մեթոդաբանությունը, որը կիրառվեց Հայաստանը մաքսային ծուղակը գցելու համար ուղղակի ազգային արժանապատվության անկման պատմության անփառունակ էջերից է՝ սկսած ծաղկավոր խալաթից մինչև ռուսական սմերչի վաճառքն ադրբեջանցիներին: Եվ ամենանվաստացուցիչն այն է, որ դա արվեց առավել ազդեցիկ քաղաքական ուժերի լուռ համաձայնությամբ: Երբ մի ողջ  ազգի նվաստացնում են, ու նա համարում է, որ ինքը թույլ է գերտերության առաջ ու չի դիմադրում, դա արդեն վտանգավոր է։ Ազատության ու անկախության զգացումը մեծապես պայմանավորված է  մարդկային արժանապատվության հետ, իսկ երբ այն նվաստացած է, ապա վտանգված է անկախությունը։ Նման պարագայում դիմադրության ու ընդվզման միակ դաշտը մնում է քաղաքացիականը:

-ՀՀ քաղաքացիական հանրությունը ունի՞ արդյոք բավարար ներուժ դեմ գնալու այս որոշմանը։

-Քաղաքացիական հանրություն կոչվածը շատ հատվածային և կոնկրետ թիրախային խնդիրներով զբաղվող իրավագիտակից խմբեր են, որոնց գործունեությունը մի քանի տարվա պատմություն ունի: Դեռևս 1988 թվականից սկիզբ առած ազատագրական շարժումն ուներ երկու բաղադրիչ, մեկը ազգային պետության ստեղծման, իսկ մյուսը իրավական գիտակցության փոփոխության տարրերն էին:  Պատերազմական  իրավիճակում հայտնված նորանկախ պետության առաջին տարիներին հիմնական կոնսոլիդացնող բաղադրիչը հենց ազգայինն էր, քանի որ դեռևս չկար ազգային պետություն՝ իր  սահմանադրությամբ ու ժողովրդավարական ինստիտուտներով:  Համազգային կոնսոլիդացիայի արդյունքը՝ հաղթանակն էր Արցախյան պատերազմում:  Ազատագրական պայքարի հաջորդ փուլն արդեն հանուն քաղաքացիական ազատությունների ու իրավունքների էր, որն էլ հիմքն է ինքնիշխան պետության կայացման ու ամրացման: Հենց դա է ինքնիշխանության պահպանման ու արդար, իրավական, ժողովրդավարական երկիր ունենալու ու այն պահպանելու հիմքը: Ազգայնականության վրա է հիմնվել մինչ այժմ ապօրինի ու իր բնույթով ապազգային իշխանությունը, որպեսզի դիմադրի ժողովրդավարական ինստիտուտների ու քաղաքացիական իրավունքների համար պայքարին: Այժմ էլ մենք կանգնած ենք նույն ընտրության շեմին: Շպրտվել ենք քառորդ դար հետ, երբ ազգային պետության ստեղծման գործընթացի հիմքերն էին դրվում: Եվ այս համատեքստում կա վտանգ, որ քաղաքացիական ազատությունների ու իրավունքների համար պայքարողների պլատֆորմը կձևափոխվի  զուտ ազգայինի: Սակայն ինքնիշխանությունը բացառապես ազգային հիմքով ունի կարճաժամկետ ու քանդող բնույթ: Եթե հաջողվի իրավական գիտակցություն կրող հանրույթներից կազմակերպել քաղաքացիական դիմադրություն, իսկ այդ պոտենցիալը վերջին տարիներին հասցրել է  ձևավորվել, ապա այդ ներուժը կարող է հասնել երկրում իշխանափոխության ու կասեցնել ինքնիշխանությանը սպառնացող նախագծի՝ Մաքսային միությանն անդամակցելու գործընթացի իրագործումը։

-Եվրոպայի համար կարծես անակնկալ էր այս հայտարարությունը, կոշտ պատասխաններ հնարավո՞ր է սպասել Արևմուտքից, արդեն իսկ լուրեր են շրջանառվում, որ Արևմուտքում կազմվել է հայ օլիգարխների ցուցակ, որոնց նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ։

-Իհարկե, Հայստանի նկատմամբ քաղաքականությունը կփոխվի, և դա ինչ–որ տեղ նաև լավ է, քանի որ իշանության կողմից մերժված Արևմուտքը ստիպված կլինի համարժեք ընդունել  քաղաքացիական հատվածին, որի բազմաթիվ ձեռնարկներ ու հայտարարություններ մինչ այժմ անպատասխան են մնացել։ Բազմաթիվ հանցանքներ գործած ու նաև  այլանդակ ընտրախախտումներից հետո Արևմուտքի թեթև ձեռքով լեգիտիմություն ստացած, բայց իրականում իշխանությունը բռնազավթած վարչախմբի հետ հույսեր կապելն ուղղակի հղի էր նման վերջաբանով։ Իսկ այդպիսի քայլերն անպատասխան չեն մնում, ավելին՝ պատժվում են։ Նրանք ունեն և՛ օլիգարխների, և՛ կոռումպացված պաշտոնյաների ցուցակներ։

- Կարծես նմանատիպ նախադեպ ունենք Հայաստանում, «Ավետյանի ցուցակը», ինչպե՞ս կազմվեց այն և ինչ ընթացք ստացավ:

-Այո ունենք, դեռևս «Հարսնաքարում» տեղի ունեցած բռնարարքից անմիջապես հետո, Ծովինար Նազարյանի և Վահե Գրիգորյանի նախաձեռնությամբ հրապարակվեց կոչ արտասահմանյան երկրների հյուպատոսական ծառայություններին՝ Ռուբեն Հայրապետյանին մուտքի վիզա չտրամադրելու պահանջով։ Այդ կոչին միացան հարյուրավոր քաղաքացիներ։ Դրան հետևեց Վահե Ավետյանի քրոջ՝ Նվարդ Ավետյանի նախաձեռնությամբ «Ավետյան ցուցակի» կազմումը՝ ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կազմած «Մագինսկու ցուցակի» նմանությամբ,  որը սահմանում է սանկցիաների կիրառում՝  տվյալ երկրում մարդու իրավունքները խախտող պաշտոնյաների և օլիգարխների նկատմամբ։  Այն կազմվեց և ՀՀ բազմաթիվ քաղաքացիների ստորագրությամբ ուղարկվեց ԱՄՆ։ Այդ ցուցակում ընդգրկված են ՀՀ հանցագործ օլիգարխներ ու կաշառակեր, մարդու իրավունքները խախտող պաշտոնյաների անուններ։ Մենք պահանջում ենք նաև Հայաստանում մարդու իրավունքների խախտումների մեջ ներգրավված հայ օլիգարխ–պաշտոնյաների երեխաների եւ բարեկամների նկատմամբ այլ երկրների մուտքի վիզաների արգելք, սառեցնել Հայաստանի կառավարության այն պաշտոնյաների բարեկամների անձնական հաշվեհամարները, որոնք հայ ժողովրդից գողացած գումարները ապահովության համար փոխանցում են Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների տարբեր բանկեր կամ ներդրումներ կատարում արտասահմանում ձեռք բերված սեփականության մեջ։  Մենք դեռ շարունակելու ենք աշխատել այդ ցուցակի վրա և  հանցագործ օլիգարխների ու կոռումպացված պաշտոնյաների ցանկը կընդլայնվի։ Քանի որ այս երկրի հիմնական խնդիրը ազատագրումն է հանցագործներից։

-Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել էր, որ ակտիվ համագործակցելու են քաղաքացիական հանրության հետ։

-Այո, ես կարծում եմ, որ առավել ակտիվ աշխատանք կսկսվի քաղաքացիական հանրության հետ, վերջապես քաղաքականությունը փակ կաբինետներից ու քաղաքական էլիտաներից  կտեղափոխվի հանրային դաշտ ու լսելի կդառնա հանրության ձայնը, որի պահանջն ու ցանկությունը մեկն է, օր առաջ ազատվել Սերժ Սարգսյանի հանցագործ վարչախմբից։

Դիտված է 470

- See more at: http://araratnews.am/%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%B6%D6%84-%D5%A1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%A1%D5%AF-%D6%87-%D5%B0%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE-%D6%85/#sthash.bba5oPUS.hzhOBA2d.dpuf

No comments:

Post a Comment