«Հարսնաքարի» գործով տուժողները՝ ռազմական բժիշկներ Արտակ Բայադյանը և Գարիկ Սողոմոնյանը կտրականապես հերքեցին ամբաստանյալներից 3-ի վերջին ցուցմունքները, որոնցով վերջիններս ստանձնել էին տուժողներից 3-ին ծեծելու պատասխանատվությունը: Ամբաստանյալները հայտարարում են «թշնամական վերաբերմունքի» մասին:
«Հարսնաքարի» գործով տուժողները՝ ռազմական բժիշկներ Արտակ Բայադյանը և Գարիկ Սողոմոնյանն այսօր կտրականապես հերքեցին ամբաստանյալների վերջին ցուցմունքները, թե նրանցից երեքը առանձին կռիվներ են արել տուժողների հետ և որ 3 ամբաստանյալներից յուրաքանչյուրը ծեծել է տուժողներից ամեն մեկին: Ռազմական բժիշկներն այսօր էլ պնդեցին, որ իրենց ծեծել են խմբով:
Նախ Արտակ Բայադյանը հերքեց ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի վերջին ցուցմունքը, ըստ որի՝ միայն նա է ծեծել Արտակ Բայադյանին: Բայադյանը չբացառեց, որ Գարիկ Մարգարյանն էլ է հարվածել, բայց պնդեց, որ բացի նրանից՝ ես 4֊հոգի էլ է իրեն հարվածել: Արտակ Բայադյանը հերքեց նաև Գարիկ Մարգարյանի պնդումները, թե վերջինս առանձին զրուցել է Արտակ Բայադյանի հետ, նաև՝ որ Արտակ Բայադյանը հայհոյել է Գարիկ Մարգարյանին: Ռազմական բժիշկը հերքեց նաև ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի ցուցմունքը: Նորայր Հայրապետյանն ասել էր՝ Վահե Ավետյանը հայհոյել է իրեն, այդ պատճառով է հարվածել նրան, նաև ասել էր, թե միայն ինքն է հարվածել Վահե Ավետյանին:
Մյուս տուժողը՝ ռազմական բժիշկ Գարիկ Սողոմոնյանը, հերքեց ամբաստանյալ Արթուր Բաբլոյանի ցուցմունքը, ըստ որի՝ միայն ինքն է հարվածել Գարիկ Սողոմոնյանին: Բաբլոյանը մի քանի անգամ հարցրեց, թե տուժող Գարիկ Սողոմոնյանը ինչո՞ւ չի հիշում, որ իր հետ առանձին կռիվ է արել: Սողոմոնյանը պատասխանեց․ - «Եթե հիշեի՝ կասեի: Ոչ ձեզանից վախենում եմ, ոչ էլ ամաչում եմ»:
Ի դեպ, այսօր էլ ամբաստանյալների հարազատները և՛ դատարանի դահլիճում, և՛ դատարանի բակում անվայել հայտարարություններ էին հասցեագրում տուժող կողմին: Տուժող, ռազմական բժիշկ Արտակ Բայադյանի հանդեպ ոչ կոռեկտ վերաբերմունքի հետևանքով դատավորը նախազգուշական սանկցիա կիրառեց ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպանի՝ Միհրան Պողոսյանի նկատմամբ: Դատարանը հաջորդ նիստին պետք է որոշում կայացնի մյուս տուժողի՝ Արկադի Աղաջանյանին հարցաքննելու վերաբերյալ: Վերջինս Հայաստանում չէ: Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 4-ին:
No comments:
Post a Comment