Wednesday, October 10, 2012


Շարունակվում է «Հարսնաքար»–ի գործով դատավարությունը։ Փաստաբան Տիգրան Եգորյանը դատարանին ներկայացրեց 17 էջից բաղկացած 20 միջնորդություն։

Եգորյանը մասնավորապես նշեց, որ վկաներ Խաչատուր Սարգսյանը և Կառլեն Ստեփանյանը հայտնել են, որ «Հարսնաքար»–ի տարածքում եղել են տեսախցիկներ, և որ «անհրաժեշտ է կատարել համակարգչի պրոցեսորի հետազոտություն»։

Փաստաբանը միջնորդեց հետաքննության ենթարկել Վահե Ավետյանի վիրահատության մանրամասները և փորձաքննություն նշանակել՝ կապված գանգոսկրի և մաշկի համապատասխան հատվածների հետ, նաև զննել «Հարսնաքար»–ի տարածքը։

Ըստ փաստաբանի՝ պետք է տուժողների հագուստը ճանաչել որպես իրեղեն ապացույց և հետազոտություն անցկանցել։ Եգորյանն արձանագրեց նաև, որ Հարսնաքարի» տարածքից անհայտ հանգամանքներում անհետացել են հետքերը։

Տիգրան Եգորյանը դեռ չէր վերջացրել ներկայացնել միջնորդությունը, երբ ամբաստանյալների պաշտպաններն առարկություններ ներկայացրին։ Նրանք դիմեցին դատարանին, պահանջելով, որ Տիգրան Եգորյանն առանձին–առանձին ներկայացնի միջնորդությունները, որպեսզի կարողանան անդրադառնալ դրանց։ Պաշտպաններն առարկում էին, որ միջնորդություններում փաստաբան Եգորյանը զերծ մնա այն բառերից, որոնք քրեական գործում չկան. նրանց խոսքերով՝ միջնորդությունները պարունակում են ապացույցներ, հրապարակումներ։

Փաստաբան Եգորյանը նաև նշեց, որ իրենք պատրաստ են միջնորդությունների օրինակները տրամադրել պաշտպաններին։

Դատախազն իր հերթին առաջարկեց վերախմբագրել ներկայացված միջնորդությունները, լիարժեք համապատասխանեցնել քր. օրենսգրքին։ Նրա խոսքերով՝ միջնորդություններն ամբողջական տեքստով ներկայացնելը խնդիր չի առաջացնում և ժամանակի առումով ավելի նպատակահարմար է։

Փաստաբան Եգորյանը, պատասխանելով առարկություններին և դատախազի միջնորդությանը, նշեց, որ միջնորդությունները ներկայացվել են մեկ փաթեթով, որ գործը չձգձգվի, բայց եթե անհրաժեշտություն կա, նրանք պատրաստ են միջնորդությունները ներկայացնել առանձին–առանձին։

Ինչ վերաբերում է միջնորդությունների վերախմբագրմանը, փաստաբանն ասաց, որ դա միջնորդություններին կհաղորդի պատրանքային բնույթ։

Դատավոր Հարությունյանը թույլ տվեց Տիգրան Եգորյանին շարունակել ներկայացնել միջնորդություններն իրենց իսկ նախընտրած ձևաչափով։

Դատական նիստը շարունակվում է։ Տիգրան Եգորյանը շարունակում է ներկայացնել միջնորդությունները։

Հիշեցնենք, որ դատավարությունը նշանակվել է հուլիսի 17-ին նախկին ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում Հայրապետյանի թիկնազորի կողմից խոշտանգումների ենթարկված և հուլիսի 29-ի մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության գործով։




No comments:

Post a Comment