Wednesday, October 17, 2012
Հարսնաքարի գործ. Դատավորը միջնորդությունների վերաբերյալ որոշում չկայացրեց
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած Վահե Ավետյանի գործով հերթական դատական նիստի ժամանակ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը հետաձգեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների կողմից ներկայացրած 25 միջնորդությունների քննարկումը: Դատավորը հայտարարեց, որ այդ միջնորդություններին կանդրադառնան այն ժամանակ, երբ որոշում կայացնելու համար էական հանգամանքներ պարզվեն:
Դատախազ Արթուր Դավթյանը համաձայնեց միջնորդություններից միայն մեկի հետ, 7-ի քննարկումը առաջարկեց հետաձգել, իսկ 17 միջնորդությունների նկատմամբ ներկայացրեց առարկություն: Ամբաստանյալների պաշտպանները հիմնականում համաձայնվեցին դատախազի առաջարկությունների հետ, իսկ տուժող կողմը շարունակեց պնդել իր միջնորդությունը:
Հիշեցնենք, որ դատական այս գործընթացի համար հիմք է դարձել Երևանի կայազորի հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանին ու նրա ընկերներին ծեծելը եւ Ավետյանին մահվան հասցնելը: Դեպքի նախաքննության արդյունքում մեղադրյալներ են ճանաչվել Գարիկ Մարգարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանն ու Նորայր Հայրապետյանը։
Տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբանները համոզված են, որ նախաքննությունը իրականացվել է կոպիտ սխալներով ու բացթողումներով: Դրա համար է, որ նրանք դեռ օգոստոսի 10-ին և 20-ին նախաքննության մարմնին ներկայացրել էին գործի վերաբերյալ միջնորդություններ՝ վեր հանելով նախաքննության ընթացքում տեղ գտած բացթողումներն ու սխալները: Որոնք սակայն մերժվել էին ինչպես նախաքննության մարմնի, այնպես էլ գործով դատախազի կողմից:
Այսօր էլ՝ դատախազը եւ պաշտըպանական կողմը արտահայտեցին իրենց կարծիքը միջնորդությունների վերաբերյալ, որը հիմնականում բացասական էր:
Տուժող կողմի փաստաբանները պահանջել էին, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տեսաձայնագրման համակարգին միացված համակարգչի պրոցեսորը ճանաչվի իրեղեն ապացույց, կցվի գործին, կատարվի համակարգչի պրոցեսորի կրկնակի հետազոտություն եւ նշանակի դատահամակարգչա-տեխնիկական փորձաքննություն:
«Կատարել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքի ամբողջական զննութուն՝ պարզելու, թե որտեղ են տեղակայված եղել տեսախցիկները կամ հանցագործության դեպքից հետո տեսախցիկների ապամոնտաժման դեպքում, որ մասում են դրանք տեղակայված եղել, առգրավել ռեստորանային համալիրում եղած բոլոր պրոցեսորները և արդեն իսկ առգրավված պրոցեսորի հետ մեկտեղ ներկայացնել մասնագետներին՝ պարզելու, թե արդյոք այդ կրիչների վրա պարունակվում են դեպքի օրվա տեսաձայնագրության ֆայլեր, իսկ դրանց բացակայության դեպքում պարզել՝ արդյոք դրանք չէին կարող ջնջված լինել էլեկտրոնային կրիչներից»,- միջնորդել էր փաստաբան Տիգրան Եգորյանը նախորդ դատական նիստի ժամանակ:
Դատախազը նշեց, որ համակարգիչը զննելու ժամանակ քննիչի հետ եղել է մասնագետ, ով չի առանձնացրել քննությանը վերաբերող որեւէ տվյալ, որի համար էլ պրոցեսորը արդյունքում իրեղեն ապացույց չի ճանաչվել:
«Հանցագործության չպարզված մասնակիցների բացահայտմանն ուղղված միջոցառումները շարունակելու նպատակով այս քրեական գործից առանձին մաս է անջատվել: Ու այդ անջատված մասում առգրավված պրոցեսորը ենթարկվել է փորձաքննության, որոնց պատասխանները այդ գործով դատական քննության ժամանակ մենք կստանանք: Դեպքի վայրի զննություն կատարելու անհրաժեշտություն եւս չկա եւ տեսախցիկների տեղադրման վայրը որեւէ էական նշանակություն չեն կարող ունենալ»,- համոզված է դատախազը:
Դատախազն առարկեց բոլոր այն միջնորդությունները, որոնք, իր կարծիքով, վերաբերում էին հանցագործության նոր մասնակիցների հայտնաբերմանը եւ կապ չունեին ամբաստանյալների հետ:
Օրենքով սահմանված կարգով Ռուբեն Հայրապետյանին և Նորայր Հայրապետյանին պատկանող հեռախոսահամարներին դեպքի օրը, դրան նախորդող և հաջորդող օրերին կատարված հեռախոսազանգերի (մուտքային և ելքային) վերծանումները պահանջելը եւ տեղանքում գտնվող բոլոր ալեհավաքների վերաբերյալ տեխնիկական տվյալների պարզելը դատախազի համար կապ չունեն այս դատական գործի հետ: Նրա համար կարեւոր չէ, թե ամբաստանյալները որտեղ են աշխատել ՝ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահնե՞րն են եղել, թե՞ ռեստորանի աշխտակիցները:
«Ես համաձայն եմ միայն մեկ միջնորդության հետ, որ պետք է պարզել արդյոք «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տեսաձայնագրման համակարգին միացված համակարգչի պրոցեսորի առգրավման և զննության վերաբերյալ կազմված արձանագրություններում նշված ընթերականերն իրականում գոյություն ունե՞ն, թե՞ ոչ: Ես համոզված եմ, որ նրանք գոյություն ունեն եւ հաջորդ դատական նիստի ընթացքում կաշխատեմ ներկայացնել նրանց ամբողջական տվյալները»,- հայտարարեց դատախազը:
Ամբաստանյալների պաշտպանները դատարանից 30 րոպե ժամանակ խնդրեցին, որ կարողանան միասնական դիրքորոշում արտահայտել միջնորդությունների վերաբերյալ: Ընդմիջումից հետո նրանք համաձայնվեցին դատախազի դիրքորոշումների ՝ նշելով միայն, որ համամիտ չեն, որ իրենց պաշտպանյալները գործել են միասնաբար դիտավորությամբ, փոխլրացված գործողություններով, ինչպես, որ դատախազն էր հայտնել:
Նրանցից երկուսը միայն հայտնեցին, որ տուժողների և մեղադրյալների հագուստի վրա առկա միկրո մասնիկների առկայությունը պարզելու համար համապատասխան կենսաբանական (մասնիկաբանական) փորձաքննություն անցկացնելու միջնորդությունը կարեւոր է եւ հնարավորություն կտա ավելի որոշակիացնել, թե կոնկրետ ով ում է հպվել վիճաբանության և ծեծի ընթացքում:
Դատավոր Դավիթ Հարությունյանը հետաձգեց միջնորդությունների քննարկումը՝ հայտարարելով, որ որոշում կայացնելու համար էական հանգամանքներ պետք է պարզվեն:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին:
21:39:16 - 17/10/2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment