Thursday, October 4, 2012

նիստը դարձյալ հետաձգվեց

«Հարսնաքարի» գործով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 3-ին նշանակված դատական նիստը դարձյալ հետաձգվեց, այս անգամ մինչև հոկտեմբերի 10-ը:

Դատարան էին բերվել ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Նորայր Հայրապետյանը, Դավիթ Ադամյանը, Արման Խաչատրյանը: Արման Բաղդասարյանի պաշտպանությունը ստանձնած Հովհաննես Հարությունյանի փոխարեն դատարան էր ներկայացել ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վաղարշակ Գևորգյանը: Դատավոր Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 29-ին դատարանը ստացել է ամբաստանյալ Արման Բաղդասարյանի դիմումը, որով վերջինս հրաժարվել է Հովհաննես Հարությունյանից՝ լուծարելով նրա հետ իր պայմանագիրը:

Մեղադրյալ Արման Բաղդասարյանի նորանշանակ փաստաբան Վաղարշակ Գևորգյանը դատարանից պահանջեց իրեն 2 շաբաթ տրամադրել նյութերին ծանոթանալու համար, սակայն դատարանը գործի նյութերին ծանոթանալու համար 7 օրը բավարար համարեց:

Դատական նիստին չէին մասնակցում տուժողներ Արտակ Բայաթյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արկադի Աղաջանյանը, Էդգար Նիկոյանը, տուժողի իրավահաջորդ Գառնիկ Ավետյանը և նրա ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը: Հերթական դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 10-ին, ևս մեկ նիստ էլ՝ հոկտեմբերի 22-ին:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել 3 ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը` ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:

«Հարսնաքարի» գործով կալանավորվածները 6-ն են՝ համալիրի անվտանգության աշխատակիցներ Արթուր Բաբլոյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, մատուցող Դավիթ Ադամյանը և Նորայր Հայրապետյանը: Նրանք բոլորը մեղադրվում են տուժողների առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

No comments:

Post a Comment