Երեկ Քննչական գլխավոր վարչության հատուկ կարևոր գործերի քննության վարչության մարդու կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների բաժնի քննիչ Ռուբեն Վարդանյանի կողմից բռնություն է գործադրվել Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ:
Բռնի գործողությունները տեղի են ունեցել Քննչական գլխավոր վարչության շենքում, քննիչ Ռուբեն Վարդանյանի աշխատասենյակում, որը շարունակվել է նաև միջանցքում`այլ քննիչների ներկայությամբ: Միջադեպին ներկա է եղել նաև Տիգրան Եգորյանի գործընկեր, փաստաբան Լուսինե Հակոբյանը, ով և ներկայացրեց տեղի ունեցածի մանրամասները:
Երեկ փաստաբան Լուսինե Հոկոբյանը վկայի հետ հրավիրվել է ՀԿԳ քննչական վարչության քննիչ Ռուբեն Վարդանյանի մոտ` քրեական գործի շրջանակներում մասնակցելու իր վստահորդի հարցաքննությանը: Վերջինիս շահերը ներկայացնում է նաև փաստաբան Տիգրան Եգորյանը, ով քննչական վարչություն է եկել քիչ ուշացումով և քննիչ Վարդանյանը հրաժարվել է անցաթուղթ իջեցնել փաստաբանի համար` վկայակոչելով Քրդատօր 86 հոդվածը, որի համաձայն, ըստ քննիչի, վկան կարող է ունենալ միայն մեկ փաստաբան:
«Սա ակնհայտորեն կամայական մեկնաբանություն է, քանի որ օրենսդիրը եզակի թվով է նշում պաշտպան, փաստաբան, ներկայացուցիչ բառերը և դա ոչ մի կերպ չի կարող մեկնաբանվել որպես մի ներկայացուցչի իրավունք»,- ասում է Լուսինե Հակոբյանը:
Քննիչ Ռուբեն Վարդանյանը չի ընդունել փաստաբանի մեկնաբանությունը և անցաթուղթ չի տրամադրել, սակայն Տիգրան Եգորյանը քննչական վարչության գրասենյակի միջոցով բարձրացել է Ռուբեն Վարդանյանի աշխատասենյակ` իր մասնագիտական պարտականությունները կատարելու` վստահորդի շահերը ներկայացնելու:
«Երբ Տիգրանը ներս մտավ, քննիչ Վարդանյանը կոպտորեն դուրս հրավիրեց նրան աշխատասենյակից: Տիգրանը փորձեց երկխոսություն ծավալել քննիչի ետ, սակայն վերջինս ֆիզիկական ուժ կիրառեց փաստաբանի նկատմամբ և հրելով դուրս արեց նրան աշխատասենյակից, իսկ արդեն միջանցքում մեզ մոտեցան ևս երկու քննիչներ` Ռաֆիկ Ավագյանն ու Գրիգոր Մնոյանը», - պատմում է Լուսինե Հակոբյանը:
Ռուբեն Վարդանյանի ագրեսիվ գործողությունները շարունակվել են նաև միջանցքում: Նա պահանջել է, որպեսզի փաստաբանը հեռանա և հրելով դուրս է արել նրան: Ի վերջո Տիգրան Եգորյանը լքել է ոստիկանական տարածքը:
Թե ինչու է քննիչ Ռուբեն վարդանյանը նման վարքագիծ դրսևորել, սա ևս բացատրություն ունի: «Հարցն այն է, որ քննիչ Ռուբեն Վարդանյանը «Հարսնաքարի» գործով քննչական խմբի անդամ է և այդ քննչական խմբի ապօրինի, կամայական գործողությունների մասին մենք արել ենք բազմաթիվ հայտարարություններ: Նման վարքագիծն ակնհայտորեն խոսում է մեր նկատմամբ նրանց անբարյացկամ տրամադրվածության և վրեժխնդիր լինելու մասին», պարզաբանում է Լուսինե Հակոբյանը:
«Հարսնաքարի» գործով քննչական խմբի անդամներ են նաև վերը նշված երկու քննիչները՝ Գրիգոր Մնոյանն ու Ռաֆիկ Ավագյանը, որոնք, ըստ փաստաբանների, նույնպես ագրեսիվ պահվածք են դրսևորել իրենց արտահայտություններով ու գործողություններով:
Միջադեպի կապակցությամբ փաստաբանները բողոք են պատրաստել, որն արդեն իսկ ներկայացվել է գլխավոր դատախազություն, մարդու իրավունքների պաշտպանին, Փաստաբանների պալատի նախագահին, ոստիկանապետին, նախագահի վերահսկողական ծառայություն, գլխավոր քննչական վարչության պետ Գագիկ Համբարձումյանին:
Բացի այն, որ բողոքում ներկայացվել են միջադեպի մանրամասները, փաստաբանները պահանջել են նաև, որպեսզի փաստի առթիվ փաստաբանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, ֆիզիկական ուժ գործադրելու և պաշտոնական լիազորությունները գերազանցելու կապակցությամբ քրեական գործ հարուցել քննիչ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ`Քր.օր 309 (լիազորությունների գերազանցում)և 332 պրիմ 3 (փաստաբանի գործունեությանը խոչնդոտելը հոդվածներով:
Հավելենք նաև, որ քննիչ Ռուբեն Վարդանյանը իր բռնի գործողություններով և գործ սարքելով հայտնի է Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի բնակիչ Սաշա Դավթյանի գործով: նա ոչ միայն ցուցումներ էր տվել բռնություններ գործադրել Սաշա Դավթյանի և նրա աղջիկների նկատմաբ, այլև մասնակցել էր դրանց և կեղծել ամբողջ քրեական գործը:
Հիշեցնենք, սա այն աղմկահարույց քրեական գործն է, որով դատավոր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը արդարացման դատավճիռ կայացրեց:
Փաստորեն, քննիչ Ռուբեն Վարդանյանի այս ընդունակությունները գնահատվել է ոստիկանության ղեկավարության կողմից և նրան այս անգամ արդեն ընդգրկել են մեկ այլ աղմկահարույց «Հարսնաքարի» գործում որպես քննչական խմբի անդամ:
«Մեր նպատակն է՝ ոստիկանությունը դարձնել ընկալելի, մաքրել այն խարանը, որ դրված է մեր վրա, անարադարության, ոչ ճշմարիտ լուծումներ տալու,երկակի ստանդարտներ կիրառելու»,- պարբերաբար հայտարարարում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, սակայն իրողությունները ցույց են տալիս, որ խարանի մասով ոչինչ չի փոխվում:
No comments:
Post a Comment