Զարուհի, օրերս Դուք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մուտքի մոտ ջութակ նվագեցիք: Հիմա արդեն առաջարկներ են հնչում խմբակային գնալ համանման ակցիա կազմակերպելու: Ո՞ւմն էր գաղափարը:
Ռուբեն Հայրապետյանն իր ասուլիսներից մեկում խոսում է ծեծելու և ջութակ նվագելու մասին, հակադրում է` հեգնելով, թե բնական է, որ իր նման մարդը պետք է պատժի ու ծեծի, այ կարելի է զարմանալ, եթե ջութակ նվագի: Այդ մշակութային հակադրությունը շատ հատկանշական է Ռուբեն Հայրապետյանի տիպաբանության մարդկանց համար: Ես դեռ մանկուց հիշում եմ, թե ինչպես էին թաղային հեղինակություն ունեցող տղաները ծաղրում ջութակահարներին, նրանց ամեն կերպ փորձում նվաստացնել, քանի որ ոչ թե ծեծող էին, այլ՝ նվագող, հանրության առջև իրենց զգացմունքներն ու հույզերը, մարդկային կերպարը բացող, այլ ոչ իրենց բիրտ ուժը ցուցադրող: Իսկ զգացմունքը ցածր հոգեկերտվածքի տեր մարդկանց համար ամոթ բան է, թուլության նշան, էլ ի՞նչ «տղամարդ», որ պիտի սիրի, այլ ոչ բռնությամբ տիրի: Հարսնաքարի միջադեպից հետո, երբ ամեն կերպ նախաքննության մարմինն ամեն ինչ արեց, որպեսզի Ռուբեն Հայրապետյանը գործում չներգրավվի որպես կասկածյալ, նրա ասուլիսն ակտիվորեն մտավ համացանցային շրջանառության մեջ: Գրող Տաթև Չախչախյանը Ֆեյսբուքյան իր էջում գրեց, թե ո՞վ ջութակ նվագել գիտի, բնականաբար ես արձագանքեցի` ասելով, որ կոնսերվատորիայի շրջանավարտ եմ, սակայն այդ պահին մենք ակտիվ հրապարակային գործողություններով լուծում էինք Ռուբեն Հայրապետյանի մանդատազրկման հարցը: Եվ երբ նրա անձեռնմխելիության հարցը քաղաքացիական հանրության ճնշման տակ լուծվեց վերջնականապես, մնաց նրա աշխատանքի մյուս վայրը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆերդերացիան, և կարծում եմ, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը երբեք բռնության քարոզիչ ու բռնության մշակույթի կրող չպիտի լինի: Ջութակի մասնակցությամբ ակցիայով մենք հակադրեցինք կյանքի մշակույթը՝ բռնության մշակույթին:
Նախաձեռնության մի քանի անդամներ Ռուբեն Հայրապետյանի դեմ հայց ներկայացրին, այս տեսակ քայլերով ի՞նչ արդյունքներ կարելի է գրանցել, որքանո՞վ զսպաշապիկի դեր կկատարեն:
Ես շատ եմ կարևորում պայքարը իրավական դաշտում, քանի որ երկրում անպատժելիության մթնոլորտի փոփոխության միակ ճանապարհն ամեն քաղաքացու իրավագիտակցության բարձրացումն է: Նույն քաղաքացիների խումբն է աշխատում դատական հայցերի ուղղությամբ ևս: Ռուբեն Հայրապետյանն անվանական ահաբեկել է ակտիվիստների ընտանիքներին՝ նրանց գլխին լուտանքներ տեղալով և շեշտելով, որ նրանց ընտանիքները հանգիստ չեն ունենալու, սա մարդկանց իրավունքների խախտում է, որին չեն արձագանքել իրավապահ մարմինները: Որևէ պատժամիջոց չի կիրառվել քաղաքացիների հետ ահաբեկչի լեզվով խոսողի նկատմամբ: Այդ իսկ պատճառով մենք ենք քաղհայցեր ներկայացնում:
Զարուհի, սակայն վարչապետը և նախագահն ապատժելիության մթնոլորտը կանխելու փորձեր են անում, հնարավո՞ր է այս գործը որոշեն արդար քննել:
Ոչ թե հնարավոր է, այլ պետք է այս գործը արդար քննեն, և դա ոչ թե իշխանավորների բարի կամքից է կախված, այլ հանրային հստակ ձևակերպված պահանջ է: Արդեն նախաքննության մարմինը գործը տարել է կոծկման ճանապարհով, ու հաշվի չեն առնվել կարևորագույն հանգամանքներ: Մենք Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանների միջնորդություններից տեսնում ենք, թե ինչպիսի աղաղակող խախտումներ են տեղի ունեցել: Դատական գործընթացին զուգահեռ ամեն ինչ արվելու է՝ անընդհատ հետաձգելու են, նոր շոու-ներկայացումներ են բեմադրելու, որպեսզի հանրությունը հոգնի, ուշադրությունը շեղվի այս կարևորագույն գործից: Իշխանության ղեկին գտնվողների ցանկությունը դա է, և ես չեմ կարող լուրջ վերաբերվել և քննարկել մի մարդու գործողություններ, ով իր խոսքում օգտագործում է «ատկատ» բառը, իսկ նախարարին էլ անվանական, ընկերական դիմում՝ այդ ամենով լեգիտիմացնելով համակարգի ֆինանսական մութ գործարքներով և քրեական բարքերով ղեկավարվելու դրույթները: Դա երկրում հաստատված խաղի կանոնների հերթական հստակեցումն է, հերթական ապտակը հասարակության երեսին, այլ ոչ իրավիճակը փոխելու կամարտահայտություն: Եվ իմ ասածը հաստատում է օրերս կատարված մի հերթական խայտառակ գործարք՝ կառավարության արտաքին գերատեսչության շենքի վաճառքը և այն զվարճանքի ու հանգստի վայր դարձնելու հեռանկարը: Համակարգի ողջ տրամաբանությունն է անգործության ու խրախճանքի տիրույթում՝ «Խրախճանք ժանտախտի ժամանակ»:
Այս ամենը կարող է հաղթահարվել միայն քաղաքացիական հասարակության պայքարի միջոցով՝ իրավական դաշտում, քանի որ ուժը մեկընդմիշտ իշխանության դաշտում է: Կարծում եմ՝ հիմա բոլորովին նոր գործիքներով պետք է աշխատել նրանց հետ, որ կարողանանք փոփոխության նոր իրավիճակ ստեղծել երկրում:
Զարուհի, արդյոք պայքարի նոր մեթոդներից կարելի է համարել «Ավետյան ցուցակ» ստեղծելու գաղափարը, որը կնախատեսի սանկցիաներ օրինազանց իշխանավորների նկատմամբ:
Դա ևս մի նոր ձև է պայքարի, որը նախաձեռնել է Վահե Ավետյանի քույրը՝ Նվարդ Ավետյանը: Հիմքում ընկած է 2012 թ. Հունիսին ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից կազմված «Մագնիտսկու ցուցակը», որը սահմանում է սանկցիաներ՝ տարբեր երկրներում մարդու իրավունքները խախտող պաշտոնյաների դեմ: Այդ ցուցակը դեռեւս կազմավորման փուլում է ու ներկայացվելու է հանրությանը, հավաքվելու են ստորագրություններ ու ներկայացվելու են ԱՄՆ-ի կառավարությանը, Մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին, Եվրոպայի Անվտանգության ու Համագործակցության Կազմակերպությանը և այլ հեղինակավոր կառույցների՝ պահանջով, որ կիրառվի արգելանք Հայաստանի Հանրապետության այն պաշտոնյաների անձնական հաշիվների, մուտքի վիզաների նկատմամբ, ովքեր խախտում են մարդու իրավունքներն այս երկրում:
Սա ևս որոշակիորեն զսպման մեխանիզմ է երկրում անպատժելիության մթնոլորտի փոփոխության տեսանկյունից:
No comments:
Post a Comment