«Հարսնաքար»-ի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ նոր իրեղեն ապացույցներ ճանաչելու եւ աղմկահարույց դեպքի մանրամասները պարզելու վերաբերյալ Ավան եւ Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանին 20 միջնորդությունների ամփոփ պահանջներ ներկայացրին տուժող կողմի փաստաբանները:
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած ծեծից 12 օր անց մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի իրավահաջորդի եւ այս գործով մյուս 4 տուժողների փաստաբան Տիգրան Եգորյանը նշեց, որ նախաքննական մարմինը չի դրսեւորել կամք՝ լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն իրականացնելու համար:
Նախաքննության ընթացքում չպարզված մի շարք հանգամանքներ դատարանում պարզելու նպատակով փաստաբանի ներկայացրած 17 էջանոց միջնորդության մեջ վկայակոչվում են քրեական գործի առանձին նյութեր եւ ցուցմունքներ: Տուժող կողմի պնդմամբ, մասնավորապես, անհրաժեշտ է պարզել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքի տեսաձայնագրության անհետացման հանգամանքները եւ դրանք վերականգնելու տարբերակները, այն, ինչ քննիչները չեն կատարել:
Տուժող կողմը նաեւ պնդեց, որ դեպքից երկու օր անց՝ հունիսի 19-ին կատարված զննության հետեւանքով չեն պարզվել հանցագործության հետքերը դիտավորյալ ոչնչացելու հանգամանքներն ու պատճառները:
Ըստ փաստաբանի, դեպքի վայրի զննության արձանագրությունը կազմվել է տուժողներից միայն մեկի՝ Էդգար Նիկոյանի մասնակցությամբ, ուստի, տուժող կողմը դատարանում պնդեց, որ բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել նոր տեղազննություն՝ բոլոր տուժողների եւ անհրաժեշտ վկաների մասնակցությամբ:
Տուժող կողմը վկայակոչեց այն ցուցմունքները, որոնք վկայում են, որ Ռուբեն Հայրապետյանը եւ այս գործով ամբաստանյալները նույն ժամին գտնվել են նույն տեղում. - «Ռուբեն Հայրապետյանի առնչությունն այս հանցագործությանը պետք է կասկածի տակ դրվեր հենց այս հանգամանքի բերումով, որ նույնիսկ իր անձնական թիկնազորի անդամ հանդիսացող Գարիկ Մարգարյանին Վահե Ավետյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ հրահանգ ունենալու եւ Ռուբեն Հայրապետյանի կողմից Վահե Ավետյանին ծեծի ենթարկելու պահին «Հարսնաքար» համալիրում գտնվելու վերաբերյալ հարցին Գարիկ Մարգարյանն ուղղակիորեն հրաժարվում է պատասխանել»:
Ի դեպ, այն պահին, երբ արդեն տուժող կողմի միջնորդության մեջ անդրադարձ կար Ռուբեն Հայրապետյանի եւ այս գործով ամբաստանյալների առնչությանը, ամբաստանյալների փաստաբանները, մեկը մյուսին հերթ չտալով, ընդդիմացան եւ պնդեցին, որ անթույլատրելի է, որ տուժող կողմը վկայակոչի քրեական գործի նյութերը, ցուցմունքները:
Տիգրան Եգորյանը հակադարձեց, որ սահմանափակված չէ որեւէ արտահայտություն հրապարակելիս: Պաշտպանական կողմը բազմիցս փորձեց առարկել եւ կանխել միջնորդության հրապարակումը: Ի վերջո պաշտպանական կողմը բացարկ հայտնեց դատավորին, որը, սակայն, մերժվեց:
Հաջորդ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 17-ին:
No comments:
Post a Comment