Այն, որ Ռուբեն Հայրապետյանն այլեւս պատգամավոր չէ, բավարար պայման չէ` «Պահանջում ենք պատժել Հարսնաքարի մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության անդամների համար` դադարեցնելու իրենց պայքարը:
«Հայրապետյանի` ԱԺ պատգամավորությունից հրաժարվելը մեր պահանջներից մեկն է, ոչ շատ կարեւոր պահանջներից մեկը: Հրաժարվելով պատգամավորությունից՝ նա փաստացի ընդունեց իր մեղավորությունը հունիսի 17-ին կատարվածի մեջ: Բայց իր մեղքը լիովին ընդունած կհամարենք, երբ դատարանում կընդունի իր մեղքը», - «Ա1+»-ի նետ զրույցում ասաց շարժման համանախաձեռնող Դավիթ Սանասարյանը:
Նա վստահ է որ Ռուբեն Հայրապետյանը մանդատից չէր հրաժարվի, եթե «Հարսնաքարի» սպանության գործը հասարակական բողոքի ալիք չբարձրացներ:
«Ինչպես Մաշտոցի պուրակում, այնպես էլ այս դեպքում եւ մնացած գալիք բոլոր դեպքերում եթե չլինի հասարակական ճնշում, որեւէ արդյունք պետք չէ ակնկալել: Դրա համար ես ավելի շատ կարեւորում են այն գիտակցության արթնացումը մեր հայրենակիցների մեջ, որ, կապված կլինի բնապահպանական խնդիրների, մարդու իրավունքների թե ազգային հարցերի հետ, եթե կա հասարակական ճնշում, միանշանակ արդյունք լինելու է», - ասաց նա:
Սանասարյանը հույս ունի, որ «Հարսնաքարի» գործով իշխանությունները դեռեւս շանս ունեն` նոր հունի մեջ դնելու դատաքննությունը, որին ներգրավված կլինի նաեւ Ռուբեն Հայրապետյանը: Հակառակ պարագայում նա բողոքի նոր, ավելի հզոր ալիք է խոստանում, քան եղել է այս ամռանը:
«Մենք պարբերաբար հավաքվում ենք, քննարկում ենք մարտավարական հարցեր` թե որ քայլը որ պահին ճիշտ կլինի: Մեծ հաշվով դեռ մինչեւ օրս ոչ մի լուրջ բան չի եղել: Լուրջ բանը կլինի այն ժամանակ, երբ որ տեսնենք, որ գործն ամբողջությամբ կոծկվում է», -եզրափակեց Դավիթ Սանասարյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության արդեն նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանի աշխատակիցները դաժան ծեծի էին ենթարկել ռեստորանի երեք հաճախորդների: Ծեծի արդյունքում դեպքից 12 օր անց հիվանդանոցում մահացավ երեսուներեք ամյա ռազմական բժիշկ Վահե Ավետյանը:
No comments:
Post a Comment