«Վահե Ավետյան» հասարակական շարժման անդամ Գարեգին Չուգասզյանը հայցադիմում է ներկայացրել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:
«Ռուբեն Հայրապետյանը հրապարակային վիրավորանքի և զրպարտության միջոցով արատավորել է իմ պատիվն ու արժանապատվությունը՝ խախտելով իմ անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը», մասնավորապես իր խախտված իրավունքը արձանագրել է դիմումի հեղինակը:
Նա դատարանից խնդրում է պարտավորեցնել այդ ժամանակ պատգամավոր, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել իր հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար և հերքել իր բարի համբավը, պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները:
Դատարան նույնաբովանդակ հայցադիմումներ են ներկայացրել նաև «Վահե Ավետյան» հասարակական շարժման անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» հասարակական շարժման անդամ Դավիթ Սանասարյանը:
Հունիսի 17-ին Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում վերջինիս անձնական թիկնազորը ծեծի էր ենթարկել մի խումբ զինվորական բժիշկների, որոնցից մեկը` Վահե Ավետյանը, այդպես էլ գիտակցության չգալով` հունիսի 29-ին մահացել էր:
«Վահե Ավետյան» հասարակական շարժումը պահանջում է զինվորական բժիշկ Վահե Ավետյանի սպանության բոլոր մեղավորների բացահայտում և տուժողի կյանքի իրավունքի խախտման փաստի արդյունավետ քննության իրականացում և այդ կապակցությամբ շարունակական բողոքի ակցիաներ է անցկացնում:
Գարեգին Չուգասզյանի հայցադիմումում տեղ են գտել Ռուբեն Հայրապետյանի կողմից «Նուվել դ’Արմենի Մագազին» ամսագրին օգոստոսի 11-ին տված հարցազրույցում իր հասցեին հնչեցրած «անվայելուչ վիրավորանքներ և զրպարտող, իրականությանը չհամապատասխանող արտահայտություններ և սպառնալիքներ»:
Հոդվածը լայն արձագանք է ստացել հայկական մամուլում և հասարակության մեջ, և այն մասամբ կամ ամբողջությամբ վերահրապարակվել է գրեթե բոլոր տպագիր և էլեկտրոնային լրատվության միջոցներով:
«Գարեգին Չուգասզյանն ո՞վ է. Ռոբերտ Քոչարյանի «շնիկը», «ոհմակ են», «վարձու մարդիկ», «Մինչև մահ վախենալու են ինձանից», «Իրենց ընտանիքներն իմ ձեռքը կրակն են ընկնելու», «Իրենք բոլորը շաքարով հիվանդանալու են», «դուք կտեսնեք, թե այդ Գարեգինն ինչպես է ամեն օր գալու ձեռքս համբուրելու ու գնա»:
«Դեպքից հետո քառասունհինգ օր է անցել, կարծում եք՝ ես այնպիսի մեկն եմ, ով չգիտե՞, թե ով ումից է պատվեր ստանում..Նրանք ի՞նչ պիտի անեն: Պիտի թուլացնեն, խայտառակեն, վարկաբեկեն Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդկանց, որպեսզի Բարգավաճ Հայաստանը Ռոբերտ Քոչարյանի հետ գա իշխանության: Ո՞վ է դրանց ֆինանսավորում, ո՞վ է պատվեր տալիս, ուղարկում իմ տան վրա», «Ո՞վ է ավտոբուսներով բերում, տանս դիմաց դատարկում», «Ո՞վ չի հասկանում... Գարեգին Չուգասզյանը, անմիջապես դեմքները բացեցին... իսկ մնացած լակոտ-լուկուտները ո՞վ են... ես գիտեմ, թե ինչքան փող են առնում, գալիս են: Անգիր գիտեմ՝ ով է տանում փողերը տալիս, ինչ են անում : Եվ ո՞վ է ֆինանսավորում նրանց. Դոդի Գագոն: Այ այդպես»:
Հիմնավորելով իր պահանջը դիմումատուն վկայակոչել է ՀՀ Սահմանադրությամբ արձանագրված մի շարք հոդվածներ, որոնք ամրագրում են մարդու, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները որպես բարձրագույն արժեքներ: ՀՀ Սահմանադրությունը, երաշխավորելով մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության և արժանապատվության իրավունքը, արգելում է բոլոր տիպի ոտնձգություններն անձի պատվի և արժանապատվության նկատմամբ:
Մարդու այս իրավունքները վավերացված են նաև միջազհային պայմանագրերով, որոնք Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք վճիռներում արտահայտել է ան դիրքորոշումը, որ անձի բարի համբավի պաշտպանության իրավունքը ներառված է 8-րդ հոդվածում որպես անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի բաղադրիչ:
ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն իր հերթին սահմանում է. «Անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից»: Մասնավորապես նույն օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը, կարգավորելով մարդու պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները. «Անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան՝ վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ», նաև հստակորեն տվել է «զրպարտության» և «Վիրավորանքի» սահմանումները:
«Դատարան դիմելու իմ այս քայլն ավելի շատ ուղղված է հանրությանը, քան Ռուբեն Հայրապետյանին: Ես ակնկալիքներ չունեմ, որ այդ մարդն իր այս տարիքում կփոխվի: Նրա մեղա գալու`կոկորդիլոսի արցունքները մենք բազմիցս տեսել ենք, դրա համար հատուկ վստահություն չի կարելի ունենալ նրա ներողության հետ,-ասում է Գարեգին Չուգասզյանը,- Սա ավելի շուտ դաս է բոլոր մնացած այն լկտիներին, որոնք կփորձեն այսուհետև նման վարք դրսևորել»:
No comments:
Post a Comment