«Վահե Ավետյանի» գործով արդարադատություն պահանջող քաղաքացիները նոր նախաձեռնություն են սկսել: «Մագնիցկու ցուցակի» օրինակով կազմվում է Ավետյանի ցուցակ, որտեղ կընդգրկվեն ոչ միայն նրանք, ովքեր կապ ունեն Վահե Ավետյանի սպանության հետ, այլեւ նրանք, ովքեր ՀՀ-ում խախտում են մարդու իրավունքները։
«Երբ որ կա մարդու իրավունքների խախտում, դա կոնկրետ վերաբերվում է պաշտոնյաներին, եւ այդ պաշտոնյաները ըստ նախատեսվող գաղափարի, համալրելու են այդ ցուցակը»,- ասում է «Պահանջում ենք պատժել Հարսնաքարի գործով բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը։ Իսկ«Վահե Ավետյան» հակարակական շարժման անդամ Նվարդ Մանասյանն ասում է՝ մարդիկ ընդգրկվեն ցուցակում այն ժամանակ, երբ նրանց մեղքն ապացուցվի։ «Եվ սա կլինի նախադեպ, որ շոուներից անցնենք գործի»,- ասում է Նվարդ Մանասյանը։
Ավետյանի ցուցակում տեղ գտած անունները ոչ միայն չեն կարողանա մուտք գործել այլ երկրներ, այլև արտերկրում նրանց բանկային բոլոր հաշիվները կսառեցվեն։
«Նրանք բոլորը պետք է մնան երկրում և պատասխան տան արդարադատության առաջ, այն արդարադատության, որը որ մենք ենք ստեղծելու, և որը իրական է լինելու»,- ասում է Դավիթ Սանասարյանը։
Նվարդ Մանասյանը վստահ է՝ որ իրավախախտների համար ամենամեծ վնասը նրանց գրպանների պարունակությանը հարվածելն է: «Եթե այս մարդիկ տարբեր խորհրդարանների միջոցով, նաև Եվրապառլամենտում «պերսոնա նոն գրադա» հայտարարվեն և այդ միջոցները սառեցվեն, ես կարծում եմ՝ շատ լուրջ խնդիրների առաջ կկանգնեն այս մարդիկ»,- համոզված է Նվարդ Մանասյանը։
Ի դեպ «Ավետյանի ցուցակ» նախաձեռնության համար հիմք է ծառայել դաժան ծեծի արդյունքում մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի քրոջ՝ Նվարդ Ավետյանի օրեր առաջ հրապարակած նամակը: Սպանված բժշկի՝ ԱՄՆ-ում գտնվող քույրը կոչ է անում բոլորին միավորվել եւ պայքարել, որպեսզի պատժվեն ոչ միայն «Հարսնաքարի» գործով բոլոր մեղավորները, այլեւ մեր երկրում ցանկացած օրինախախտ։
Երկրում ժողովրդավարություն հաստատելու միակ ճանապարհը «Վահե Ավետյան» շարժման անդամները համարում են անկախ Արդարադատության ինստիտուտի կայացումը: «Մենք պետք է հասնենք նրան, որ մեր չինովնիկին մի օր հարցնենք՝ որտեղի՞ց ձեզ այս բաճկոնը, ձեր թանկարժեք հեռախոսը ձեզ ո՞րտեղից»,- ասում է Նվարդ Մանասյանը։
Նշենք, որ Ավետյանի ցուցակ կազմելու համար Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է էջ, որին միացել են Ֆեյսբուքի արդեն 400 օգտատեր։ Իսկ թե ովքեր տեղ կգտնեն ցուցակում, նախաձեռնության անդամների կարծիքով որեւէ մեկի համար գաղտնիք չէ, սակայն անուները չեն շտապում հրապարկել։
No comments:
Post a Comment