Տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ դատարանը կարող է Վարդան Այվազյանին ավելի քան 37 միլիոն դոլարով տուգանել, իսկական իրարանցում է առաջ բերել սոցցանցներում: Քննարկվել են Այվազյանին պատասխանատվության կանչելու տարբերակները՝ ընդհուպ մինչեւ գործն Ինտերպոլին հանձնելը: Սակայն ամենագլխավորն այն է, որ նոր միտում է ի հայտ եկել՝ միջազգային միջամտություն Հայաստանում հակաօլիգարխիկ պայքարին:
Հակաօլիգարխիկ պայքարը ենթադրում է սեփականության անխուսափելի վերաբաժանում, եւ քանի որ Հայաստան պետությունն ընդունակ չէ զբաղվել օլիգարխների՝ անօրինական ձեռք բերած սեփականության հաշվառմամբ ու առգրավմամբ, դրանով թերեւս որոշել են զբաղվել ամերիկյան կառույցները:
Այդ միտումը հաստատել է նաեւ Վահե Ավետյանի քրոջ՝ Նվարդի աննախադեպ կոչը միջազգային ու տեղական կազմակերպություններին: Համախոհների խմբի հետ նա կոչ է արել կազմել «Ավետյանի ցուցակ»՝ «Մագնիտսկու ցուցակի» նմանությամբ, որով օրենքները խախտած օլիգարխներին կարգելվի մուտքը այլ երկրներ, եւ կսառեցվեն նրանց հաշիվներն ու կապիտալը:
Ակնհայտ է, որ իրավական «խղճի» կոչերը չեն կարող օլիգարխների վրա որեւէ ազդեցություն ունենալ, քանի դեռ իշխանությունը պաշտպանում է նրանց կապիտալն ու սեփականությունը: Հենց սեփականությունն է նրանց «աքիլեսյան գարշապարը», եւ նրանք, ովքեր իրոք ցանկանում են արմատախիլ անել օլիգարխիան, պետք է սկսեն օլիգարխների կուտակած սեփականության օրինականությունը պարզելուց:
Այդ գործում իրոք միջազգային օգնության կարիք կլինի, որովհետեւ Հայաստանի իշխանությունը համառորեն պաշտպանում է այդ սեփականությունը եւ թույլ չի տալիս մոտենալ նույնիսկ մրցակիցներին: Ընդ որում, ոչ միայն արտասահմանյան պետությունները կարող են հայցեր ներկայացնել հայ օլիգարխներին, այլեւ հայկական սփյուռքը, որին այդպես էլ թույլ չեն տվել մտնել հայկական շուկա:
Տեսեք, թե ինչ է տեղի ունենում սիրիահայերի հետ. նրանք գալիս են, համոզվում, որ ամեն ինչ վաղուց զբաղված է օլիգարխների կողմից եւ հեռանում: Որքան նման խաբված եւ կոռուպցիայից, մենաշնորհներից տուժած ներդրողներ կարելի է գտնել սփյուռքում: Եթե թեկուզ նրանց մի մասը փորձի արդարության հասնել իրենց երկրներում եւ ջրի երես հանել Հայաստանի հանցագործ սխեմաները, օլիգարխիան կարող է ցնցվել:
Չի բացառվում, որ Հայաստանում ներկայիս «օլիգարխների որսը» արդեն աջակցություն է ստանում միջազգային կազմակերպությունների կողմից, որոնք չեն թաքցնում, որ հենց օլիգարխիան է ժամանակակից քաղաքակիրթ համակարգերին ինտեգրվելու Հայաստանի խոչընդոտը: Այսօր ֆրանսիական Slate-ում տխուր հոդված է լույս տեսել հայկական իրականության մասին, որտեղ կարմիր թելի պես անցնում է օլիգարխների հարցը եւ որ Հայաստանն ընդունակ չէ պայքարել այդ չարիքի դեմ, որը քաղցկեղի ուռուցքի պես պատել է ողջ երկիրը:
5 օրից ավարտվում է ժամկետը, երբ օլիգարխ Ռուբեն Հայրապետյանը կարող է հետ վերցնել պատգամավորական մանդատը վայր դնելու դիմումը, եւ եթե նա հետ չվերցնի դիմումը, ապա կզրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից: Նա արդեն ինքն է ասում, որ իրեն ցանկանում են քավության նոխազ դարձնել եւ հավանական է, նա ճիշտ է: Հնարավոր է՝ քավության մյուս նոխազը կդառնա Վարդան Այվազյանը, որին կարող են ստիպել 37 միլիոն դոլար վճարել եւ սնանկանալ:
Սակայն այդ ամենը տեղի կունենա միայն այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը գիտակցի, որ հենց օլիգարխներն են երկիրն ու իրեն անդունդը քաշում, եւ մինչեւ հատակը քիչ է մնացել: Իսկ եթե չի գիտակցում, ապա միջազգային հանրությունը «կբացատրի»: Չի բացառվում, որ վաղը տեղեկություն հայտնվի օրինակ Սամվել Ալեքսանյանի դեմ գործի մասին, ով «մասնագիտացել է» հեղինակային իրավունքների խախտման եւ ուրիշների ապրանքանիշերն օգտագործելու մեջ: Խախտումներն այնքան շատ են, որ դժվար չէ կազմել նրանց ցուցակը, որոնց մուտքն այլ երկրներ կփակվի, եւ ումից կառգրավեն բաղձալի կապիտալը:
No comments:
Post a Comment