Tuesday, September 18, 2012

Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի պետը դեպքից հետո անցել է ընդհատակ


«Հարսնաքարի» դեպքի մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել: Երեկ «Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ հենց դեպքի օրը՝ հունիսի 17-ին գործով այժմ ամբաստանյալներ Արման Բաղդասարյանը և Նորայր Հայրապետյանը ժամը 22:21-ին, 22:33-ին, 22:34-ին, 22:36-ին, ինչպես նաև ժամը 23:30-ին, 00:21-ին, 00:25-ին և 00:47-ին զանգահարել են Աշոտ Սնջոյան անուն-ազգանունով ինչ-որ մեկի: Ըստ քրեական գործի նյութերի՝ ռազմաբժիշկները ծեծի են ենարկվել ժամը 22:25-ից մինչև 22:40-ի սահմանները: Իսկ գիտե՞ք, թե ով է Աշոտ Սնջոյանը: Նա Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի պետն է, որը դեպքից հետո անցել է ընդհատակ:

«ՀԺ»-ն ևս մեկ անգամ ընդգծում է՝ ստացվում է, որ Արման Բաղդասարյանը և Նորայր Հայրապետյանը Սնջոյանին զանգահարել են ոազմաբժիշկներին ծեծի ենթարկելուց առաջ, ծեծի ընթացքում և ծեծից հետո: Միայն հիշեցնենք, որ Սնջոյանը, որը ավելի շատ հայտնի է եզդի Աշոտ մականվամբ, «Հարսնաքարում» տեղի ունեցած անցած տարվա դեպքերի «հերոսն» է: Թերթը բազմիցս անդրադարձել է այդ դեպքին և հայտնել, որ անցած տարվա օգոստոսի 15-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով մի հարսանեկան արարողության երկու մասնակից՝ 33-ամյա Նորայր Աթոյանը և 25-ամյա Վերսանդ Մկրտչյանը, ոտքերի շրջանում հրազենային վնասվածքներ էին ստացել, տեղափոխվել հիվանդանոց, բարդ վիրահատության ենթարկվել, և մինչ օրս նրանք լիովին չեն ապաքինվել:

Դեպքից անմիջապես հետո մամուլում հրապարակումներ եղան, որ կրակողը հենց Աշոտ Սնջոյանն է՝ Եզդի Աշոտը, մինչդեռ 10 օր շարունակ ոստիկանությունը պնդում էր, որ կրակոցների հեղինակը հայտնի չէ: Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարեց, թե իբր՝ հենց դեպքի օրը Սնջոյանը ներկայացել էր և ընդունել իր մեղքը, նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի հատկանիշներով, այսինքն՝ անզգուշությամբ մարմնական ծանր վնասվածք հասցնելու համար, ինչը նախատեսում է տուգանքից՝ առավելագույնը երկու տարվա ազատազրկում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել էր չհեռանալու մասին ստորագրությունը: Եվ ահա մի քանի ամիս անց՝ նոյեմբերի 3-ին քրեական գործը կարճվել էր՝ պատճառաբանությամբ, որ տուժողները և մեղադրյալը հաշտվել են: Այսպիսով, երկու հոգու «ոտքից խփած» Աշոտ Սնջոյանը նույնիսկ մեկ օրով չազատազրկվեց, իսկ հետո՝ ընդհանրապես ազատվեց քրեական պատասխանատվությունից:

«ՀԺ»-ն այս դեպքը հիշեցնում է՝ ներկայացնելու համար, թե ով է Աշոտ Սնջոյանը: Նրան հաջողվել է խուսափել քրեական պատասխանատվությունից բացառապես այն պատճառով, որ Նեմեց Ռուբոյի թիվ մեկ թիկնապահն էր:

Եվ այսպես, ի՞նչ են վկայում նրան ուղղված զանգերը: Սնջոյանի անունը գործի նյութերում հայտնվել է նախաքննության մեկնարկից շուրջ երկու ամիս հետո միայն, երբ ստացվել են ամբաստանյալների հեռախոսազանգերի քաղվածքները: Դրանից հետո ամբաստանյալների ու Սնջոյանի հեռախոսազրույցների փաստը թաքցնել այլևս հնարավոր չէր: Աշոտ Սնջոյանը կանչվել է հարցաքննության, բայց` ընդամենը վկայի կարգավիճակով: Հարցաքննվելիս նա նշել է, որ գործազուրկ է, որ ամբաստանյալներից Արման Բաղդասարյանի մտերիմ ընկերն է և նրա միջոցով է ծանոթացել Նորայր Հայրապետյանի հետ: Քննիչի հարցին, թե ինչի մասին է խոսել նրանց հետ դեպքի օրը' նշված հեռախոսազանգերի ժամանակ, Սնջոյանը պատասխանել է' չեմ հիշում: Ավելի ուշ ասել է նաև, որ եթե նրան հեռախոսազրույցի ընթացքում հայտնած լինեին դեպքի մասին, ինքը դա կհիշեր, և որ ինքը ռեստորանում ոազմաբժիշկներին ծեծի ենթարկելու մասին տեղեկացել է հեռուստացույց դիտելիս: Փաստորեն, քննիչին այս պատասխանները բավարարել են, նա արժանահավատ է համարել, որ Վահե Ավետյանին ծեծի ենթարկելու ընթացքում Արման Բաղդասարյանը և Նորայր Հայրապետյանը զանգահարել են Աշոտ Սնջոյանին ու նրա հետ զրուցել, ասենք, այն մասին, թե որտեղից կարելի է էժան կարտոֆիլ գնել, ինչից հետո այդ զրույցի մասին այս պարոնը մոռացել է:

Ռազմաբժիշկներին ծեծելու ընթացքում Աշոտ Սնջոյանի ակտիվ հեռախոսազրույցներն այժմ ամբաստանյալների կարգավիճակ ունեցող անձանց հետ առնվազն հիմք է տալիս ենթադրելու, որ նա անհամեմատ ավելի շատ բան գիտի դեպքի մասին և միտումնավոր թաքցնում է իրականությունը: Նրա մասին հայտնի է նաև, որ մինչև վերջերս միշտ գտնվում էր Ռուբեն Հայրապետյանի կողքին, ամենուր ուղեկցում էր նրան: Կասկածներ կան, որ ռազմաբժիշկներին ծեծի ենթարկողները հենց նրա միջոցով են իրենց «քաջագործության» մասին տեղեկացրել Ռուբեն Հայրապետյանին: Թիկնապահների միջոցով «շեֆին» տեղեկություններ փոխանցելը սովորական երևույթ է մեր օլիգարխների առօրյայում:

No comments:

Post a Comment