Մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու կապակցությամբ Հայաստանում կամաց-կամաց ծավալվում է քարոզչական ալիք, որը դատապարտում է նաեւ Հունգարիայի իշխանության որոշումը, ու նաեւ Սաֆարովին արդարացնելու եւ հերոսացնելու Ադրբեջանի որոշումը, որպես այդ երկրի անմարդկային, ֆաշիստական դեմքի դրսեւորում:
Այդ առումով առաջինը ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էր: Նրան առաջիկայում անշուշտ կմիանան շատերը, գլխավորապես իշխանության ճամբարից: Այդպիսով իհարկե փորձ կարվի ոչ միայն Ադրբեջանի անմարդկայնությունը բացահայտել, ինչն ըստ էության բացահայտելու կարիք թերեւս վաղուց չունի, այլ նաեւ Սաֆարովի էքստրադիցիայի հարցում Հայաստանի իշխանության անգործությունն ու անկենսունակությունը քողարկել:
Մինչդեռ, երբ բանը հասնում է հայ սպային դաժանորեն սպանած Սաֆարովի հանդեպ ադրբեջանական վերաբերմունքին, այստեղ առաջանում է բավական հակասական, եւ այդ վերաբերմունքը խստորեն քննադատող մարդկանց՝ հատկապես իշխանական ու մերձիշխանական մարդկանց համար որոշակիորեն անհարմար մի վիճակ:
Բանն այն է, որ այն ժամանակ, երբ ադրբեջանցի ոճրագործ Սաֆարովին հերոսացնում է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը, կայացնելով ցինիկ եւ հակամարդասիրական որոշումներ, Հայաստանի Հանրապետությունում ընթանում է մեկ այլ հայաստանցի սպայի ոչ պակաս դաժան սպանության քննություն, որտեղ մարդասպանների հանդեպ վերաբերմունքը կարծես թե շատ քիչ է հեռու նրանց ազատություն պարգեւելուց, ինչպես որ Սաֆարովին պարգեւեց Ալիեւը:
Խոսքը Հարսնաքարի դեպքի, ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության քննության մասին է: Սաֆարովն էլ էր հայաստանյան բանակի սպա սպանել, ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներն էլ են հայկական բանակի սպա սպանել:
Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբաններն արդեն տեւական ժամանակ է մատնացույց են անում այդ գործի քննության պռատությունը, արձանագրվող օրինախախտումները, ոստիկանության եւ դատախազության անիրավությունները քննության ընթացքում, հայտարարելով, որ այդ ամենի նպատակը հանցագործության ամբողջական բացահայտում եւ բոլոր մեղավորների հայտնաբերում ու պատասխանատվություն թույլ չտալն է: Ըստ փաստաբանների, գործն էլ այնպես է ուղարկվել դատարան, որ հնարավորություն լինի մարդասպան խմբին հետագայում արագորեն հասցնել ազատության:
Արդյո՞ք այդ պատկերը շատ է տարբերվում Իլհամ Ալիեւի “հերոսական” որոշումներից, Սաֆարովի հանդեպ նրա վերաբերմունքից:
Բայց, այդ պատկերի հանդեպ իշխանական ու մերձիշխանական մարդկանց վերաբերմունքը, Ալիեւի որոշումների հանդեպ վերաբերմունքից, տարբերվում է շատ: Եթե Ալիեւին նրանք ծվեն-ծվեն են անում, ապա Վահե Ավետյանի գործի քննության, դրանում արձանագրվող ապօրինությունների մասին հայտարարությունների կապակցությամբ այդ մարդիկ լռում են:
Ալիեւին ծվեն-ծվեն անելը հեշտ է: Նա թշնամի կամ հակառակորդ երկրի նախագահ է, գտնվում է հեռվում, նրան ծվեն-ծվեն անելու համար Հայաստանի իշխանությունը ոչ միայն թարս չի նայի, այլ նույնիսկ կարող է շատ խրախուսել, միեւնույն ժամանակ այդպես հնարավոր է թունդ, անմնացորդ հայրենասերի եւ համարձակ հռետորի վարկ ձեռք բերել:
Իսկ ահա Հարսնաքարի դեպքն այլ է: Այստեղ համարձակությունը կարող է թանկ արժենալ, իսկ վճարողն էլ կարող է լինել խոսողը, ոչ թե իշխանությունը. Իշխանությունը կլինի վճար ստացողը:
Դրա համար էլ Հայաստանում դաժանորեն ծեծված սպայի սպանության մասին պետք է լռել, իսկ Ադրբեջանի ամեն մի քայլը խարազանել որքան որ ուժ կա՝ մտքի ու կոկորդի:
Ինչ խոսք, Հայաստանը մշտապես պետք է բարձրաձայնի ադրբեջանական հայատյացության, մարդատյացության, ռազմատենչության մասին, միջազգային ասպարեզում անընդհատ թիրախ դարձնի թե Ալիեւին, թե նրա շրջապատին, պաշտոնյաներին:
Բայց խնդիրն այն է, որ այդ ամենը միջազգային ասպարեզում կարող է կշիռ ունենալ այն դեպքում միայն, երբ այն, ինչ արեց Սաֆարովը Բուդապեշտում, հայաստանյան օլիգարխների կամ պաշտոնյաների թիկնապահները չկրկնեն, չկարողանան կրկնել Երեւանում, իսկ այն, ինչ Ալիեւն անում է Բաքվում իր մարդասպանների հետ՝ արդարացնելով նրանց, Հայաստանի պաշտոնյաները, իրավապահ կառույցները, ուղղակի կամ անուղղակի ձեւով չանեն “իրենց” կամ յուրայինների մարդասպանների հետ` նրանց համար սահմանելով հնարավորինս մեղմ պատիժներ կամ փաստացի չպատժելով ընդհանրապես, ինչպես Պողոս Պողոսյանի սպանության դեպքում:
Այլապես, երբ միջազգային հանրությունը տեսնում է, որ Հայաստանի պետական գերատեսչությունները, որ կոչված են թե Հայաստանում եւ թե արտերկրում Հայաստանի քաղաքացիների անվտանգությունն ապահովել, իրականում զբաղված են իրենց երկրի ներսում Հայաստանի քաղաքացիների դեմ քրեաօլիգարխիկ-իշխանական համակարգի ոտնձգությունները պարտակելու գործով, որեւէ նշանակություն չի տա Ալիեւի դեմ այդ մարմինների եւ նրանց մունետիկների քարոզչական հարձակումներին, որքան էլ որ դրանք լինեն հիմնավոր, արդարացի եւ Հայաստանի համար անհրաժեշտ:
No comments:
Post a Comment