Այսօր «Վահե Ավետյան» հասարակական շարժումը «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում կազմակերպել էր իր առաջին պիկետը, որը համընկել էր երեկ Ռամիլ ՍաՖարովին Բաքու տեղափոխելու և ներում շնորհելու խնդրի հետ: «Վահե Ավետյան» հասարակական շարժման անդամ Գարեգին Չուգասզյանը նշել է, որ Ռամիլ Սաֆարովի կողմից իրականացված ոճրագործությունը թեև չի նույնանում Վահե Ավետյանի սպանության ոճրագործության հետ, բայց հստակորեն զուգահեռներ կան: Նրա դիտարկմամբ՝ Ռամիլ Սաֆարովն ազգային հողի վրա է ոճրագործությունը կատարել, իսկ ազգային հողի վրա կատարած ոճրագործությունները ֆաշիզմի դրսևորում են, և պետությունները, որոնք ներում են հանցագործին, ազդարարում են իրենց երկդիմի քաղաքականության մասին:
Նա ասել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը լուրջ ցնցում է ստացել, և պետք է հասկանալ՝ երկիրը, որը կառավարվում է ոչ կոմպետենտ և քրեաօլիգարխիկ կառավարումով, չի կարող իր կառավարման արդյունավետությունը ցուցաբերել արտաքին պաշտպանության հարցերում: Բացի այդ, արտաքին գործերի գերատեսչությունը կարող էր ժողովրդին տեղեկացնել այդ մասին, և ժողովուրդն էլ իր բողոքի ցասումը տարբեր ձևերով ցույց կտար և թույլ չէր տա, որ դա տեղի ունենա:
«Եթե մենք արդարադատություն, ինքնահարգանք ենք պահանջում դրսում, ինչո՞ւ մենք ներսում այդ նույնը չենք անում, դրսում թշնամու կողմից սպա է սպանվել, և մենք ներսում ունենք սպայի սպանություն, որոնք թեև մեր ձեռքի տակ են, սակայն չեն պատժվել», նշել է Գարեգին Չուգասզյանը՝ հավելելով, որ մոտենում է ժողովրդական հանրային արդարադատության տրիբունալ ստեղծելու անհրաժեշտությունը, իսկ պիկետներն էլ հենց նրա համար են, որ բնակչությանը զգացնել տան, որ մեր պայքարը շարունակվում է, Հարսնաքարն է ոճրագործության վայր է:
Պիկետի մասնակիցները հանդես էին գալիս «Պատժել հայկական ռամիլսաֆարովներին», «Ռամիլ Սաֆարովի ռեստորան Հանցաքար» և այլ ցուցապաստառներով:
No comments:
Post a Comment