Մեր զրուցակիցն է «Վահե Ավետյան» հասարակական շարժման անդամ, ՀՀ առաջին օմբուդսման Լարիսա Ալավերդյանը
Տիկին Ալավերդյան, Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցից ի՞նչ տպավորություն ստացաք:
Հարցազրույցում ինտրիգ կա, Ռուբեն Հայրապետյանն այնպիսի ոճով է խոսում, այնպես է հարցազրույցը կառուցված, որ հնչեցրած որևէ միտք որևէ մեկի շահերից չի բխում, հենց Սերժ Սարգսյանի շահերից չի բխում: Ավելի քան զարմանալի էր այն մեծամտությունը, որ թույլ տվեց առայժմ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, երբ փորձեց նախագահի պաշտպանի և գարանտի դերակատարություն վերցնել իր վրա:
Տիկին Ալավերդյան, հարցազրույցում հայտարարություն կար, թե ինչ իրավունք ունեիք գալ իմ տուն, և քանի որ Վահե Ավետյանի յոթի օրը Դուք հենց նրա տան դիմաց ելույթ ունեցաք, ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
Ուզում եմ հասկանալ՝ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի իմացությամբ տունը ո՞րն է, մի՞թե իր այն ապարանքի մյուս մայթեզրին, որտեղ կանաչների վրա կանգնած էինք, մի՞թե դա էլ իր տունը: Ես, օրինակ, խնդիր ունեմ պարզաբանելու, թե առայժմ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի տան սահմանները որտեղ են սկսվում և որտեղ ավարտվում:
Դե տան մոտ էր, կոչերն էլ ուղղված էին իրեն…
Առաջին հերթին բացարձակապես իրավաբանական և բարոյական հիմքեր չկան ասելու իմ տունը, երկրորդը՝ ով ինչից պետք է վախենա: Առայսօր մենք չգիտենք՝ մարդասպաններն ովքեր են, և այսօր մենք չգիտենք՝ արդյոք բոլո՞րն են ձերբակալված և արդյոք ձերբակալվածները հենց իրենք մարդասպաննե՞րն են: Այդ ո՞վ պետք է ավելի շատ վախենա, ազատության մեջ գտնվող հասարակությո՞ւնը, թե՞ բարձր պարիսպներով, ապահով ցանկապատով ընտանիքը՝ պաշտպանված 200-300 ոստիկանների կողմից:
Տիկին Ալավերդյան, հարցազրույցում անդրադարձ կար «Նեմեց մարդասպան» արտահայտությանը, ինչը վրդովեցրել էր նրան:
Պետք է ասեմ, որ ցանկացած անձ, որը մտնում է հրապարակային գործունեության մեջ, հայտնվում է այդ մինիմալ վտանգների ներքո, որ իր անունը կարող է շոշափվել բավականին նեգատիվ համատեքստերում: Ես եղել եմ մարդու իրավունքների պաշտպան և կարծես թե ընդունված հասարակության կողմից, ես բացում եմ սայթերից մեկը և ընթերցում իմ մասին այնպիսի բաներ, որ, ինչպես ասում են, հարազատ մայրը չէր ճանաչի: Ես այստեղ ընտրություն ունեի՝ սկսեմ պայքա՞ր ամեն մեկի դեմ, թե՞ ես իմ գործով ապացուցեմ, որ դրանք սին խոսքեր են և անհիմն վիրավորանքներ:
Դուք ի նկատի ունեք՝ եթե արտահայտությունն իրեն վիրավորել էր, ինքը պետք է բարձրաձայնելու փոխարեն քայլեր աներ ապացուցելու, որ դա այդպես չէ՞:
Անշուշտ, նա կարող էր օգնել մեզ, բայց ես տեսնում եմ մի մեծ հակասություն առաջին տեքստի և այս հարցազրույցի միջև, անգամ ոճի տարբերություն, հակասություն, անմիջապես հայտարարությունից հետո իր գործողություններում, այդ թվում՝ ֆոտոլրագրողին խփելը, հետո առավել քան տարօրինակ հայտարարությունները, առավել ևս այս հարցազրույցը, որը ես չէի ուզենա լսեի կամ տպված տեսնեի որևէ պետական այրի կողմից, թեկուզ դա լինի անգամ իմ ամենագաղափարախոսական ընդդիմադիրը, կարևոր չէ:
Կարծում եք՝ առաջին և երկրորդ նախագահները պետք է արձագանքեի՞ն այս հարցազրույցին:
Ոչ, նրանք արել են իրենց եզրակացությունները, ուղղակի ես կարծում եմ, որ այդ անձն իրեն իրոք լուսանցքի վրա թողեց նաև իշխանության համար: Այսինքն՝ հասարակությունը պահանջում է, որ ոչ թե միայն այդ անձը, այլ բոլոր այն անձինք, ովքեր այդպիսի դիրքորոշումով ամրացրել են իրենց դիրքերը, հարստահարել են և իրենց զգում են աշխարհի տերը և մինչև անգամ իրենց տնից, շենքից այն կողմ գտնվող մայթը համարում են իրենց սեփական տունը, ես կարծում եմ մեր պահանջը, որ այդպիսի մարդիկ պետք է հայտվեն լուսանցքում, դեռ առջևում է: Բայց ինքը հայտնվեց լուսանցքում իշխանության համար, և սա շատ կարևոր ազդակ կարող է լինեն լինել և հնարավոր է դա ազդի դատական գործընթացի վրա:
Այն որոշումը, որ ընդունեց դատավորը տուժող կողմի ներկայացուցիչների վերաբերյալ առաջին դատական նիստի ընթացքում, և կարգավորող խումբը խոչընդոտեց նորմալ դատական գործընթացը, բավական դրական է խոսում զուտ դատավորի կեցվածքի և նրա գրագիտության մասին, բայց ընդհանուր առմամբ ինչ կլինի՝ ես հիմքեր ունեմ լինել կասկածամիտ, մի դատական նիստից եզրակացություն չանել, և ես կզարմանամ, եթե ընթանա այն աստիճան արդար, որքան ես եմ սպասում:
Առայժմ, պատագամավոր Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցն ավելի կորոշակիացնի իշխանության դիրքորոշումն այս հարցում:
Ինչո՞ւ են խեղաթյուրվում քաղաքացիական նախաձեռնությունները, տեղավորվում Քոչարյանի շնիկ անվան տակ:
Թող որևէ մեկը չվիրավորվի, բայց այսպիսի մարդիկ ունեն կրթական, բարոյական և բոլոր ցենզերի պակաս: Առաջին, սա հրապարակային խոսքի ոճ չէ, և երկրորդ, հնարավոր է իրենց շրջապատի համար բնորոշ օգտագործում է այդ խոսքերը, և իր շրջապատի համար ծանրագույն վիրավորանք կարող է լինել, բայց տվյալ դեպքում ինքը խոսում է մարդկանց մասին, որոնք դուրս են իր հասանելիության շրջանակներից, նրանք բոլորովին այլ հարթության մեջ են, և այդ հարթությունները չեն հատվում:
No comments:
Post a Comment