պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծի հետեւանքով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի քույրը` Նվարդ Ավետյանը, կոչ է անում Հայաստանում մարդու իրավունքները խախտող պաշտոնյաների ցուցակ ստեղծել եւ նրանց նկատմամբ միջազգային պատժամիջոցներ կիրառել։
Իր անձնական բլոգում անցած շաբաթ հրապարակված հայտարարությունում Նվարդ Ավետյանը հիշատակում է ԱՄՆ–ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից կազմված «Մագնիտսկու ցուցակը», որով Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանում է մարդու իրավունքները խախտող ռուսաստանցի պաշտոնյաների նկատմամբ եւ առաջարկում է այդ ցուցակի նմանությամբ ստեղծել «Ավետյանի ցուցակ»։
«Մենք դեռեւս աշխատում ենք այդ ցուցակի վրա եւ պահանջում ենք, որպեսզի Միացյալ նահանգների կառավարությունը, Մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունները եւ Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կոմիտեի Խորհրդարանական վեհաժողովը ընդունեն առաջարկությունը՝ կիրառել այլ երկիր մուտքի արգելք եւ անձնական հաշվեհամարների սառեցում Հայաստանի կառավարության այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են ինչպես Վահե Ավետյանի մահվան, այնպես էլ Հայաստանում մարդու իրավունքների խախտումների համար», - ասված է հայտարարությունում։
«Նախաքննական մարմինը տապալեց գործը»
Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր կրկին հայտարարեց, որ նախաքննության մարմինը եւ Գլխավոր դատախազությունը չեն իրականացրել բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն։
«Նախաքննության մարմինը ուղղակի տապալել է ողջ նախաքննությունը։ Գրեթե նույն մոտեցումը դատախազությունն է կիրառել այս գործի նկատմամբ», - պնդեց փաստաբանը։
Իրավապաշտպան, լրագրող Ժաննա Ալեքսանյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դատարան ներկայացված քրեական գործը որակելով՝ «չբացահայտված», «կոծկված», «Ավետյան ցուցակ» կազմելու նախաձեռնության առնչությամբ մեկնաբանեց․ - «Այս նախաձեռնությունը շատ կարեւոր է հատկապես այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, որտեղ անպատժելիության ու թողտվության մթնոլորտ է»։
Իրավապաշտպանը կարծիք հայտնեց, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները սիրով կարձագանքեն այս նախաձեռնությանը։
Ժաննա Ալեքսանյանը Վահե Ավետյանի մահվան գործով հիշյալ նախաձեռնությունը համարում է կարեւոր` անպատժելիությանը վերջ դնելու նկատառումներով․ - «Սա այն գործը պիտի լինի, որը պետք է առաջնորդի մյուս կոծկված գործերին, որոնց համար մենք պայքարել ենք եւ ուզում ենք, որ բացահայտվեն, որ այդպիսի, կամ ավելի խիստ սանկցիաներ կիրառվեն գլխավոր դատախազի, ոստիկանապետի եւ այն պաշտոնատար անձանց նկատմամբ, ովքեր առնչություն են ունեցել այս գործին»։
No comments:
Post a Comment