Վահե Ավետյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանի, Լուսինե Հակոբյանի ու Վահե Գրիգորյանի տրամադրության տակ կա «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմական բժիշկ Վահե Ավետյանին առնչվող հայտնի միջադեպում որոշակի դերակատարություն ունեցած, քրեական գործով ինքնությունը չպարզված ևս 10-15 անձանց նկարագրեր, այդ թվում՝ թիկնապահի դասական արտաքինով մի անձ:
«Միջին հասակի, շատ թիկնեղ, լիքոտ մարմնական կազմվածքով, կարճ և շատ հաստ վզով, դիմացի մասը մի քիչ ճաղատ և միջինից մի քիչ երկար բակերով (այտմորուս )»,- Tert.am-ի հետ զրույցում այսպես նկարագրեց այդ անձի արտաքինը Տիգրան Եգորյանը:
Ըստ «Հարսնաքար»-ում ծեծի ենթարկված մյուս բժիշկների, այդ անձը դեպքի օրը մոտեցել է վերջիններիս և հարցրել, թե ո՞վ է հայհոյել: Երբ բժիշկները նրան բացատրել են, որ՝ «Եղբայր, մենք եկել ենք այստեղ ծնունդ նշելու և ի՞նչ հայհոյանքի մասին է խոսքը», անձը ճշտել է, թե կարո՞ղ է իրենց հեռացած ընկերն է եղել հայհոյողը (խոսքը սպորտային հագուստը փոխելու համար տուն գնացած Վահե Ավետյանի մասին է), բժիշկները պատասխանել են, որ նա գնացել է հագուստը փոխելու, եթե հայհոյած լիներ, չէր էլ վերադառնա, իրենք էլ նրան «Հարսնաքար»-ում չէին սպասի:
Սրանից հետո այդ անձը թողել-հեռացել է, սակայն, ըստ բժիշկների, այդ անձը դրսում որոշակի դերակատարություն է ունեցել, բայց թե ի՞նչ՝ այս պահին փաստաբանները չեն կարող արձանագրել:
Տուժողների շահերի ներկայացուցիչներին կոնկրետ անուններ և ազգանուններ հայտնի չեն: Գործում կցված ապացույցների թվում չկան նաև տեսաերիզներ: «Ի՞նչ տեսաերիզներ, նախաքննությունն իրականացնող մարմինը նույնիսկ չի էլ պարզել, թե որտե՞ղ են տեղադրված տեսախցիկները»,- ասաց Տիգրան Եգորյանը՝ նշելով, որ կոնկրետ այդ անձի մասով ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության բաժինը մերժել է փաստաբանների ներկայացրած մեղադրանքներն այն հիմքով, թե ինքնությունը չբացահայտած անձանց մասով քր. գործից անջատված մաս կա: Քննչական գլխավոր վարչությունից տեղեկացվել է նաև, որ այս անջատված մասով աշխատանքները կշարունակվեն, և կուսումնասիրվեն փաստաբանական հարցումներում ներառված տվյալները:
No comments:
Post a Comment